Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում Փարիզի Սեն Դենի արվարձանում հինգ ենթադրյալ ահաբեկիչներ են ձերբակալվել։ Եվս երկուսը ոչնչացվել են, ընդ որում՝ նրանցից մեկին սպանել են ուժայինները, իսկ մյուսը՝ մի կին մահապարտ ահաբեկիչ, ինքն իրեն պայթեցրել է։ Այդ մասին հաղորդում են լրատվական գործակալությունները` վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունը։
Երեք տղամարդ ձերբակալվել է Սեն Դենիի մի բնակարանում, մի տղամարդ և մի կին՝ դրա անմիջական հարևանությամբ: Ձերբակալվածների ինքնությունը դեռ չի պարզվել։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ևս մեկ կասկածյալ դեռ մնում է շրջափակված բնակարանում:
Առավոտյան ժամը 4-ին մեկնարկած և շուրջ 20 րոպե շարունակված հատուկ գործողության ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են ոստիկաններ։
Դատախազությունը հայտնում է, որ գործողության նպատակը Աբդելհամիդ Աբաաուդին հայտնաբերելն էր, ով կասկածվում է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները կազմակերպելու մեջ։ Սակայն մինչ այս պահը չի հստակեցվում՝ նա տվյալ պահին եղել է այդ շենքում, թե ոչ։