Եմենի նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին, ով ավելի վաղ փախուստի մեջ էր գտնվում, վերադարձել է եմենական Ադեն քաղաք։ Պաշտոնյաների խոսքերով՝ նա գտնվելու է Ադենի նախագահական նստավայրում և «հետևելու է» ռազմական գործողություններին, որոնց նպատակը Թաեզ շրջանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է։ Շրջանը այժմ վերահսկվում է զինյալների կողմից։
Հադին Եմեն է ժամանել հանկարծակի։ Մարտ ամսին, երբ «Ալ-Խութի» շիա զինյալ խմբավորումը մոտենում էր Ադեն քաղաքին, Հադին որոշեց լքել երկիրը և ժամանակավորապես հաստատվեց Սաուդյան Արաբիայում։ Նախագահը վերջին անգամ Եմեն էր ժամանել սեպտեմբերին։
Հադիի իշխանությունը վերականգնելու նպատակով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մարտին զինյալ խմբավորումների դեմ մարտական գործողություններ է սկսել։ Անցած ութ ամիսների ընթացքում զինված գործողությունների ընթացքում առնվազն 5 հազար 600 մարդ է զոհվել։ ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունների մեկնարկը նախատեսված է այս ամսվա վերջին։