«Ոչ»-ի ճակատը «հաղթանակի հասնելու ծրագիր է ներկայացնելու» առաջիկա հանրահավաքում

«Ոչ»-ի հանրահավաք Գյումրիում, արխիվ

Նոյեմբերի 20-ի հանրահավաքում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերը «ոչ»-ի հաղթանակի հասնելու ծրագիր են ներկայացնելու։

Այսօր «Ոչ»-ի ճակատը շտաբի պետերի նիստ էր անցկացնում։ Հայաստանի տարբեր մասերից մայրաքաղաք ժամանած գործիչները հայտարարեցին, որ մարզերում բոլորը «ոչ»-ի կողմնակից են։

«Ոչ»-ի կենտրոնական շտաբի պետ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք տեղեկություններ ունեն՝ իշխանությունները սոցհարցումներ են պատվիրել, բայց արդյունքները աղետալի են եղել, «ոչ»-ը մի քանի անգամ շատ է եղել, այդ պատճառով էլ դեռ չեն շտապում հրապարակել արդյունքները։

Զուրաբյանը վստահ է՝ ժողովրդի 90 տոկոսից ավելին «ոչ»-ի կողմնակից է.- «Իհարկե, հետո կհրապարակեն մի քիչ դզած-փչած արդյունքներ։ Ասեմ նաև, որ շփումները իշխանության ներկայացուցիչների հետ, ես նկատի ունեմ, իհարկե, մասնավոր զրույցները, նույնպես ցույց են տալիս, և իրենք բացահայտ ընդունում են, որ վիճակը ուղղակի աղետալի է իշխանության համար»։

«Ոչ»-ի կենտրոնական շտաբի պետը կարևորեց, որ փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերը միմյանց հետ չեն մրցում և բոլորի խնդիրը հուսահատության և ընտրակեղծիքների դեմ պայքարելն է։

Չնայած «Ոչ»-ի ճակատի հայտարարություններին, հանրապետականները վստահ են՝ «այո»-ի կողմնակիցներն ավելի շատ են։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր որոշեց ընդդիմախոսներին հակադարձել, ասաց՝ «ոչ» քարոզողները պնդում են, թե Սահմանադրության փոփոխության դեպքում էլ ժողովուրդը սոված կմնա, մինչդեռ իրենք հնարավորություններ են ստեղծում, որ ժողովուրդը սոված չմնա։

«Պետության հնարավորությունները կավելանան, որովհետև կառավարման պրոցեսում դուք էլ կարող եք մասնակցել, ընդդիմությունն էլ կարող է մասնակցել, մեկ խելքը լավ է, բայց մեծաքանակ խելքերի հանրագումարը ավելի հզոր է», - ասաց նա։

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ բացառում է, թե հանրապետականները սոցհարցումների արդյունքներ ունեն, որոնք չեն հրապարակվել։ Պնդեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել։

«Դա ևս քարոզչական տեխնոլոգիա է, որպեսզի նրանք կարողանան հանրության մոտ ինչ-որ գաղափար գեներացնեն։ Այդպիսի բան չկա, կեղծ լուրեր են տարածում»,- ասաց Նիկոյանը։

«Ոչ»-ի շտաբի պետերի այսօրվա նիստում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաղթանակի հասնելու համար նախ պետք է ակտիվացնեն հանրահավաքային պայքարը, պայքարեն ընտրակեղծիքների դեմ և ժողովրդին ոգևորեն գնալու քվեարկության և «ոչ» ասելու։ «Ազատության» հետ զրույցում Զուրաբյանը ասաց, որ այս անգամ իշխանությունները փորձելու են նաև հանձնաժողովների անդամներին կաշառել։ «Դա նույնպես քննարկեցինք և մշակեցինք դրան դիմակայելու ձևերի մեր մարտավարությունը»։

«Ոչ»-ի մարզային շտաբների ներկայացուցիչներն էլ «Ազատության» հետ զրույցում պնդում էին, որ «այո»-ի հաղթանակը ապահովելու համար իշխանությունները ճնշումների են դիմում և վարչական ռեսուրս են օգտագործում։

«Ոչ»-ի Գյումրու շտաբի համակարգող Մուրադ Գրիգորյանը հայտարարեց՝ իշխանությունները զգում են, որ իրենց մոտ խայտառակ պարտություն են արձանագրելու, ըստ նրա՝ անգամ «Այո»-ի հավաքներին մարդիկ չեն գնում։

«Ինչ-որ տեղ շանտաժի ենթարկելով, 30-ական թվականների մեթոդներով, անձամբ լսել եմ, ահաբեկումների մի զինանոց... չապահովելու դեպքում դպրոցի տնօրենը կարժանանա ինչ-ինչ հաշվեհարդարի, ինչ-ինչ դատաստանի, աշխատանքից ազատում և այլն»,- ասաց Գրիգորյանը։

Արագածոտնից Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ իրենց մարզում ոստիկանությունը և տեղական իշխանությունները ճնշումներ են գործադրում.- «Այո» ասողի չեմ հանդիպել, բացառությամբ, երբ գյուղապետարանի ներկայացուցիչների կողքին կամ միլպետի կողքին կանգնած իրենց աշխատակիցները, որ բացահայտ «այո» են ասել։ Իսկ ընդհանրապես նրանք էլ են «ոչ» ասում բոլոր տեղերում։ Ընդհանրապես մարզերում շատ թշվառ վիճակ է, էսօր դժվար է էդ թշվառությանը «այո» ասել»։

Հանրապետական Սամվել Նիկոյանը պնդեց, թե վարչական ռեսուրսի օգտագործման և ճնշումների մասին չի կարող խոսել, քանի որ նման դեպքերից տեղյակ չէ, փոխարենը ասաց, որ փոփոխություններին դրական տրամադրված քաղաքացիները թիվը ավելանում է։

«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներն էլ պնդում են՝ «Այո»-ի ճակատում ստում են՝ ասելով, թե քաղաքացիները դրական են տրամադրված փոփոխություններին։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանի խոսքով՝ մարզային քարոզարշավի ընթացքում համոզվել են՝ «ոչ»-ը հաղթելու է։

«Բերում են ինչ-որ մարդկանց, որոնք իրական քաղաքացիների հետ կապ չունեն, ուղղակի ադմինիստրատիվ աշխատողներից շատերին նույնիսկ ստիպում են, ինչ-որ բաներ են ցույց տալիս, բայց դա ուղղակի թատրոն է, սուտ է»,- ասաց Մուսախանյանը

Այժմ «Ոչ»-ի ճակատում պատրաստվում են ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Ելույթներ կունենան Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության, «Ժառանգության» և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները։ Չի բացառվում, որ նոյեմբերի 20-ի հանրահավաքին ներկա լինի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ոչ»-ի ճակատը վստահեցնում է՝ հանրահավաքից հետո հաղթանակի հասնելու ճանապարհը ավելի հստակ կլինի։