Նախկին նախարարի համոզմամբ՝ «Իսկանդեր»-ով Հայաստանը կմեծացնի Ադրբեջանի ողջ տարածքը խոցելու կարողությունը

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» գրասենյակում, արխիվ

Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում «լիովին հիմնավորված» համարեց «Իսկանդեր»-ի ձեռքբերման մասին լուրերը։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով, «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերմամբ Հայաստանն էապես կմեծացնի Ադրբեջանի ողջ տարածքը խոցելու իր կարողությունը՝ շրջանցելով Բաքվի պաշտպանական միջոցները:

Նշելով, որ ինքը ժամանակին մասնակցություն է ունեցել Հայաստանի համար ռուսաստանյան Scud տիպի հրթիռների ձեռքբերման գործում, Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում «լիովին հիմնավորված» համարեց «Իսկանդեր»-ի ձեռքբերման մասին ժամանակ առ ժամանակ շրջանառվող տեղեկությունը:

«Մենք ունենք այդ կարգի հրթիռային համակարգ Հայաստանի տարածքում, «Իսկանդեր» չէ, կոչվում է «Հրթիռային օպերատիվ մարտավարական միջոցներ»։ Մենք այդ համակարգից ունենք, բայց 70-ական թվականների արտադրություն է։ «Իսկանդեր» համակարգը ավելի ժամանակակից է, ավելի ճշգրիտ է խփում և կարողանում շրջանցել հակահրթիռային համակարգը։ Այդ առումով նոր բան մենք ձեռք չենք բերել, ունենք այդ համակարգը, բայց սա ավելի ժամանակակից է։ Սա տալիս է հնարավորություն ոչնչացնել թիրախներ Ադրբեջանի ողջ տարածքում»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Վաղարշակ Հարությունյանի խոսքով, հակաօդային պաշտպանության հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային համակարգը, որի մասին համաձայնագիրը առաջիկայում պետք է ստորագրվի, թույլ կտա Հայաստանի տեսնել Ադրբեջանի ողջ տարածքը, ինչն անչափ կարևոր է հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:

«Ռադիոլոկացիոն ինֆորմացիան մենք ստանում ենք բոլոր միջոցներից, նաև ներդրված ռուսական միջոցներից, որոնք, ասենք, աշխատում են Կասպից ծովում, Կրասնոդարում, էդ ամբողջ ինֆորմացիային մենք տիրապետում ենք, և մենք տեսնում ենք բոլոր օդային թիրախները, որոնք կան այս տարածաշրջանում։ Հենց Ադրբեջանը սկսում է թռնել որևէ մի օդանավակայանից, մենք արդեն տեսնում ենք։ Անցյալ տարի ֆիքսել ենք ադրբեջանական 2500 թիրախ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն։ Մենք ամբողջ դաշտը տեսնում ենք և ունենք միջոցներ՝ ոչնչացնելու դրանք»,- նշեց նա։

Անդրադառնալով նախորդ երկու տարիներին հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղյան շփման գծում լարվածության կտրուկ աճին՝ Հարությունյանը նշեց՝ ռազմական այդ բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը իրենց մարտունակությամբ, ներուժով զիջում են հայկականին.- «Քանի որ իրենք պատրաստ չեն զիջումների գնալ բանակցային գործընթացում և նաև գիտակցում են, որ լայնածավալ պատերազմ սկսել ու հաղթել չեն կարող, իրենց մնում է հետևյալ մարտավարությունը՝ պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների՝ ի նպաստ Ադրբեջանի։ Նպատակը դա է։ Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում նրանց ակտիվացումը ճնշում է միջազգային հանրության՝ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա, որպեսզի նրանք բերեն մի տարբերակ, որը բխում է իրենց շահերից»։

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ վերսկսել, նախկին պաշտպանության նախարարը պատասխանեց.- «Գնահատելով ռազմաքաղաքական բալանսը, տիրապետելով ադրբեջանական բանակի իրավիճակին, տիրապետելով տարածաշրջանի պետությունների մոտեցմանը՝ ես հստակ համոզված եմ, որ Ադրբեջանը չի կարող գնալ լայնածավալ պատերազմի և հասնել հաջողության»։

«Այսինքն Ադրբեջանում կարծում են, որ իրենց բանակը չի՞ կարող հաջողության հասնել Հայաստանի հետ պատերազմական գործողությունների ժամանակ». այս հարցին էլ Հարությունյանը պատասխանեց՝ «այո, ես համոզված եմ»։