Ադրբեջանը կրկին Մինսկի խմբին մեղադրել է հայամետ դիրքորոշում ունենալու մեջ

Իլհամ Ալիևը հանդիպում է Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է հայամետ դիրքորոշում ունենալու մեջ։ Միջնորդների քննադատությունն՝ ուղղված ԵԽԽՎ-ում քննարկվող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցին, Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել։

Բաքուն պնդում է՝ միջնորդները նման հայտարարությամբ սպասարկում են պաշտոնական Երևանի շահերը։ Վիեննայում գտնվող եռանախագահները երեկ համատեղ հայտարարությամբ քննադատել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած փաստաթուղթը, որում առաջարկներ են հնչում նոր բանակցային ձևաչափերի և աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Փորձագետների գնահատմամբ՝ ակնհայտ հակահայկական փաստաթուղթը, որը կազմվել է առանց Մինսկի խմբի հետ խորհրդակցելու, այլ բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում, միջնորդների համոզմամբ՝ կարող է խոչընդոտներ ստեղծել բանակցային գործընթացի համար։

Բրիտանացի պատգամավորի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը նաև կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Փաստաթուղթը անհրաժեշտ էր համարել նաև ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի Ղարաբաղի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։

Այս փաստաթղթի նկատմամբ իր հիացմունքը չթաքցնող պաշտոնական Բաքուն այսօր Մինսկի խմբին հերթական անգամ անգործության մեջ է մեղադրել:

«20 տարի շարունակվող ապարդյուն գործունեության հետևանքով միջնորդները կորցրել են իրենց վստահությունը թե՛ միջազգային հանրության, և թե՛ ադրբեջանական հասարակության առաջ»,- Ադրբեջանի արտգործնախարարության տեսակետն է փոխանցում կառույցի խոսնակ Հիմքեթ Հաջիևը։

Մինսկի խմբի քննադատությունն անպատասխան չթողեց նաև ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչությունը, որը տարածած հայտարարությամբ թվարկում է, թե քննադատելու փոխարեն իրականում ինչով պետք է զբաղվեն միջնորդները, մասնավորապես՝ «անհապաղ սկսեն խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանին ստիպեն վերադարձնել տարածքները և հրաժարվեն ստատուս քվոյից, առավել ակտիվ աշխատեն» և այլն:

ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության համոզմամբ՝ Մինսկի խումբը կարիք ունի այլ միջազգային կառույցների, որոնք ավելի կառուցողական առաջարկներով կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը։

«Այդ համատեքստում մենք անհամբեր սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպմանը և հուսով ենք, որ այդ հանդիպումը հիմքեր կստեղծի բանակցային գործընթացի առաջխաղացման համար՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում։