Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը:
Նոյեմբերի 10-ին իրականացված փոփոխությունների արդյունքում, ԿԲ-ի այսօրվա հաղորդագրության համաձայն, մեղմացվել է Հայաստանի տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման դեպքում:
Կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները, վստահեցնում է ԿԲ-ն: