Մոտ 130 մլն դոլարի վարկեր՝ Եվրասիական և Ասիական բանկերից

Ջրամբար Հայաստանում

Կառավարությունը այսօր հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել ներդրումային վարկ` 40 միլիոն դոլարի չափով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Կառավարության հավանությանն արժանացավ նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև այս տարվա հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր - արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 88.5 միլիոն դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը, հզորացնել սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները, բարելավել սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները և համակարգերը, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: