Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Արձանագրելով համագործակցության առկա փորձը՝ ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ այս տարի ընկերությունը պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր:
Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում:
Հիշեցնենք՝ ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: