Ատլետիկայի ֆեդերացիաների ընկերակցության նախկին նախագահ Լամին Դիաքը այսօր հրաժարական է տվել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամի կարգավիճակից: Նա անցյալ շաբաթ Ֆրանսիայում ձերբակալվել էր ավելի քան մեկ միլիոն եվրոյի չափով կաշառք ստանալու կասկածանքներով:
Ավելի վաղ 82-ամյա Դիաքը հրաժարական էր տվել Ատլետիկայի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնից, որը զբաղեցրել էր 16 տարի:
Նոյեմբերի 10-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հրատապ նիստի ժամանակ որոշել էր Լամին Դիաքին պաշտոնազրկել՝ 2011 թվականին ռուսաստանցի մարզիկների խթանիչներ օգտագործելու պատմությունը կոծկելու համար:
Երկուշաբթի օրը Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը Թեթև ատլետիկայի միջազգային ընկերակցությանը հորդորել էր հեռացնել Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիային՝ պարբերաբար խթանիչներ օգտագործելու համար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է մեդալներից զրկել 5 մարզիկների, որոնք Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործել են խթանիչներ:
Ռուսաստանի մարզական ասպարեզի պատասխանատուները դոպինգային սկանդալի վերաբերյալ իրենց մեկնաբանություններում պնդում են, թե այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ:
Մինչդեռ Համաշխարհային հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար, 2008-2013 թվականներին պաշտոնավարած Ջոն Ֆեյհին «Ռոյթերզ» գործակալությանն ասել է, որ բնավ անսպասելի չէր սկանդալային հերթական պատմության մեջ Ռուսաստանի մասնակցությունը։
«Երբ ես էի ղեկավարում Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, Ռուսաստանը մշտապես մեր դիտարկման տիրույթում էր: Դեռ այն ժամանակ էր պարզ, որ Ռուսաստանում բավարար քայլեր չեն անում խթանիչների դեմ պայքարի հարցում, և զեկույցը դա ցույց տվեց»,-հայտարարել է Ֆեյհը:
Ռուսական լրատվամիջոցները քննարկում են մարզական ոլորտի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման բուն նպատակը: Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, թե հանդիպման գլխավոր թեման դոպինգային սկանդալը չէ, բայց այդ մասին էլ կզեկուցեն Պուտինին: