Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:
Նախագահ Ռիվլինը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր Քնեսեթի (խորհրդարան) նախագահ եղած ժամանակ: Որպես նախագահ, նա այժմ ավելի զուսպ է՝ չցանկանալով հակադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր կառավարության դատապարտելի լռությանը: Սակայն, անցյալ շաբաթ գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ռիվլինը կասկած չթողեց, որ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մնացել է անփոփոխ: Այդ հանդիպման ժամանակ նա նույնիսկ օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նա նաև հիշեց այս տարվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթը, որտեղ հատուկ հղում էր արել Հայոց ցեղասպանությանը:
Նախագահ Ռիվլինին հիշեցրեցի, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը նույնպես պետք է ճանաչի այն մի պարզ պատճառով՝ ճիշտը դա է... Ես հույս հայտնեցի, որ Իսրայելը նրա շարունակական աջակցությամբ կլրացնի իմ գրքի «բացակայող էջը», ուր թվարկված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները:
Այնուհետև նախագահ Ռիվլինին հանձնեցի իմ գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. խոսում է աշխարհը։ 1915-2015 թթ., փաստաթղթեր և հռչակագրեր», գիտաժողովում իմ ունեցած ելույթի պատճենը և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի համարներից:
Հայոց ցեղասպանության գիտաժողովը կազմակերպել էին պրոֆեսոր Յահիր Աուրոնը և Իսրայելի Բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետը: Ականավոր բանախոսների թվում էին Իսրայելի Բաց համալսարանի նախագահ Յակոբ Մեցերը, պրոֆեսորներ Յահիր Աուրոնը, Իսրայել Չարնին, Էլիու Ռիխտերը, «Յադ Վաշեմ» Հոլոքոսթի թանգարանի գլխավոր պատմաբան, պրոֆ. Դինա Փորաթը, դոկտ. Ստեֆան Իրիգը՝ «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» գրքի հեղինակը, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Թուրքիայից, Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը, Իսրայելի հեռուստակայանի 1-ին ալիքի միջազգային լուրերի տեսության լրագրող և խմբագիր Յակով Ահիմերը, «Հաարեց» թերթի գրականության և մշակույթի բաժնի խմբագիր Բենի Զիֆերը և Երուսաղեմի հայկական համայնքից Ջորջ Հինթլյանը:
Գիտաժողովում իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Իսրայելի պետությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ահա որոշ հատվածներ իմ ելույթից.
«Ես նախ պետք է մի կարևոր տարանջատում անեմ Իսրայելի կառավարության և Իսրայելի ժողովրդի ու ամբողջ աշխարհի հրեաների միջև, որոնք Հայոց ցեղասպանությանը և դրա ճանաչմանը ուշադրություն դարձնելու կոչով հանդես եկող վճռական ձայներից էին.
- Հենրի Մորգենթաու, ԱՄՆ-ի դեսպանը Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ժամանակ.
- Ֆրանց Վերֆել, հրեական ծագում ունեցող ավստրիացի հեղինակ, որը 1933 թվականին գրեց իր հանրահայտ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: 1934-ին նրա գիրքը թարգմանվեց եբրայերեն և ամենուրեք լայն տարածում գտավ հրեա ընթերցողների շրջանակում, մասնավորապես Վարշավայի գետտոյում, դառնալով գոյատևման և նացիստների դեմ դիմադրության ոգեշնչման աղբյուր Շոայի ժամանակ.
- Ռաֆայել Լեմկին, հրեական ծագում ունեցող լեհ փաստաբան, որն ստեղծել է ցեղասպանություն եզրը: 1949-ին CBS-ի «Դիմակայելով ազգին» (Face the Nation) հեռուստածրագրում հարցազրույցի ժամանակ դոկտ. Լեմկինը բացահայտեց. - «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև դա տեղի էր ունեցել հայերի հետ».
- Կցանկանայի այս պատմական դեմքերի թվին ավելացնել նաև Յոսի Բեյլինի անունը, որը 2000-ի ապրիլի 24-ին խոսեց Հայոց ցեղասպանության մասին որպես Իսրայելի արդարադատության նախարար, իսկ 1994-ին՝ որպես փոխարտգործնախարար՝ չնայած Իսրայելի կառավարության կողմից խիստ ճնշումներին և քննադատությանը.
- Մենք նաև սիրով հիշում ենք կրթության նախարար Յոսի Սարիդին, որը Երուսաղեմում 2000-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 85-ամյակի միջոցառման գլխավոր բանախոսն էր: Նա հայտարարեց. - «Ես այստեղ ձեզ հետ եմ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի և որպես Իսրայելի պետության կրթության նախարար.... Նա ով անտարբեր կանգնած է դրա [ցեղասպանության] դիմաց, ով անտեսում է, ով հաշվարկներ է անում, ով լռում է՝ միշտ օգնում է ոճրագործներին և ոչ թե սպանվածներին»:
- Ես այս ցանկում պետք է ավելացնեմ նաև առաքինի հրեաներ, պրոֆեսորներ Իսրայել Չարնիի, Յահիր Աուրոնի, Յեհուդա Բաուերի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի և բազմաթիվ այլ հրեա մտավորականների անունները, որոնք Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ և գրքեր գրելու առաջամարտիկներն էին, նույնիսկ հայ մտավորականներից առաջ:
- Ես պետք է նաև գովասանքի խոսքեր ասեմ Քնեսեթի անդամներին և Քնեսեթի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Իսրայելի ներկայիս նախագահին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր՝ չնայած իր կառավարության ուժեղ ընդդիմությանը:
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանությունը Շոայի «նախատիպն» է՝ Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջմանը գերմանական մեղսակցության տեսանկյունից: Այդ հանցավոր համագործակցության ընթացքում գերմանացի զինվորականներն իրենց թուրք դաշնակիցներից դաժանության գործնական դասեր քաղեցին, թե ինչպես կազմակերպել և իրագործել մի ամբողջ ազգի բնաջնջումը... Հայերի ոչնչացման օրերին աշխարհի լռությունից քաջալերված, Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելու նախօրեին ինքնավստահ հայտարարեց. - «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Հետևաբար, Իսրայելի պետությունը պետք է լիներ առաջին երկիրը, և հուսով էինք՝ ոչ վերջինը, որ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը... Ովքե՞ր պետք է ավելի կարեկից լինեին ցեղասպանության զոհերին, եթե ոչ նրանք, ովքեր նույն ճակատագրին էին արժանացել:
Նրանք, ովքեր ռեալպոլիտիկի փաստարկներով արդարացնում են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դժկամությունը, պետք է պատասխանեն հետևյալ հարցին. արդյոք նրանք կընդունե՞ն Շոայի ժխտումը որևէ երկրի կողմից այն պարզ պատճառով, որ դա բխում է տվյալ երկրի ռազմավարական շահերից:
Նույնքան անտրամաբանական է այն պնդումը, թե հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ... Իսկ ե՞րբ է Ցեղասպանության ճանաչման ճիշտ ժամանակը: Մի՞թե 100 տարի սպասելը բավարար չէ:
Բացի այդ, տարիներ շարունակ մեզ ասել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կփչացնի Իսրայելի լավ հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսկ հիմա մեզ ասում են, որ Իսրայելը չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ավելի չվատթարացնի իր արդեն վատ հարաբերությունները Թուրքիայի հետ...
Անբարո կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը շահարկել որպես խաղաքարտ Թուրքիայի և Իսրայելի միջև: Ոչ մի քաղաքական, տնտեսական կամ ռազմական շահ չպետք է ոտնակոխ անի որևէ ցեղասպանության ճանաչումը...
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն մեկ պատճառով` ճիշտը դա է...»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի