Տուլայում ավտոբուսի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների թիվը հասավ 9-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ նշելով, որ ևս մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Այսօր, ցավոք, մեկ դիակ նույնպես բերվեց Ռուսաստանից Հայաստան՝ մեր հսկողության տակ։ Այնտեղ մնաց 11 հիվանդ, որոնցից մեկը իրոք շատ ծանր վիճակում է, լավ կլինի, որ այդ մարդու կյանքը փրկվի»,- ասաց նախարարը։
Նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, ավտոբուսի 63 ուղևորներից 7-ը տեղում մահացել էին, 3 տասնյակից ավելի մարդ էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց՝ հիմնականում գանգուղեղային վնասվածքներով, ողնաշարի, կողերի, կոնքի կոտրվածքներով:
Գագիկ Բեգլարյանն լրագրողներին փոխանցեց, որ և' զոհերի հարազատները, և' տուժածները փոխհատուցումներ կստանան: Այսօր հրավիրված նիստում կառավարական հանձնաժողովը վերջնականապես կորոշի փոխհատուցման չափերը:
«Երևի մահացածների յուրաքանչյուր ընտանիքին միլիոն դրամից ավելի գումար կտանք, իսկ տուժածներին՝ մինչև միլիոն դրամ։ Կոնկրետ թիվը չասեմ, որովհետև հանձնաժողովի նիստից հետո դուք կիմանաք։ Բացի դրանից բոլոր ծախսերը՝ տեղափոխման, արարողության, մանր չթվարկեմ, տարբեր բաներ, կառավարությունը նույնպես վերցրել է իր վրա, այդ ծախսերը մենք հոգում ենք»,- հայտնեց նախարարը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ է պատասխանատու տեղի ունեցած վթարի և 9 զոհերի համար, տրանսպորտի նախարարն ասաց, թե դա ցույց կտա քննությունը, ամեն դեպքում` պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում:
«Այսօր գործող օրենքով՝ և' օրինական, և' ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների առումով այդ մեքենան, այդ վարորդը օրենքի մեջ են գտնվում։ Քննության ավարտին պարզ կլինի՝ պատասխանատվությունը ում վրա է ընկնում։ Ես կարող եմ հստակ ասել, որ պետությունը այդ վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի։ Այսինքն մենք՝ որպես պետություն, պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք իրենց դժվար պահին, կարողանանք ամեն ինչով լինել իրենց կողքին, որը և մենք արեցինք։ Իսկ պատասխանատվությունը քննությունից հետո պարզ կլինի, թե ով կկրի, համենայնդեպս` դա պետությունը չէ»,- ասաց Բեգլարյանը։