ՀԱԿ․ «Եռանկյունի»-ն ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ»

«Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ», - այսօր հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

«Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաև հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար», - ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում:

Ակնհայտ համարելով, որ «իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից», Հայ ազգային կոնգրեսը շեշտում է․ - «Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճի վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։ Այս ամենը շահերի ակնհայտ բախում է պարունակում և ցույց է տալիս ռեժիմի պատկերացումները ժողովրդավարության մասին»։

Նշելով, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Սահմանադրության փոփոխման հանձնաժողովի նախագահ դառնալուց և դրա քարոզչության մեջ ակտիվ ներգրավումից հետո «սա երկրորդ օրինակն է, որ ցուցադրում է ռեժիմի արհամարհանքը ժողովրդավարության և ազատ խոսքի տարրական սկզբունքների նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով Սահմանադրությունը փոխելու գերշահագրգռությունը», Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից «անմիջապես հրաժարվել սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից և ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձևաչափ, որը կվարեն չեզոք և անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները և կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների համար»։