The Sunday Times. A321-ը կործանել է ԻՊ «Սինայի վիլայեթ» ճյուղը

Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները և ուղևորների ցաքուցրիվ եղած իրերը, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոսում ռուսաստանյան օդանավի կործանումից 9 օր անց ուրվագծվում է աղետի պատճառն ու հնարավոր կազմակերպչի անունը:

«Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ավիաաղետի պատճառները հետաքննող խմբի անանուն անդամներից մեկը հայտարարել է, թե ինքնաթիռում պայթուցիկ է տեղադրված եղել՝ պնդելով, թե ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը պայթյունի ձայն են արձանագրել:

Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավը կործանել է «Իսլամական պետության» (ԻՊ) «Սինայի վիլայեթ» ճյուղը՝ Աբու Օսամա ալ-Մասրիի գլխավորությամբ: Այդ մասին երեկ գրել է բրիտանական The Sunday Times-ը:

Ալ-Մասրիի մասին հայտնի է, որ նախկինում նա զբաղվում էր հագուստի առևտրով:

Պարբերականը հաղորդել է նաև, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ոչ միայն հաստատել են այս լուրը, այլև Ռուսաստանի և Եգիպտոսի իշխանություններին առաջարկել են իրենց օգնությունը ահաբեկչին հայտնաբերելու և ձերբակալելու կամ ոչնչացնելու գործում:

Ավիաաղետից երկու օր անց նախ Մեծ Բրիտանիայի, հետո էլ՝ Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարեցին, որ, ամենայն հավանականությամբ, օդանավը կործանվել է ահաբեկչական գործողության հետևանքով:

Պաշտոնական Մոսկվան և Կահիրեն չեն կիսում այս վարկածը՝ պնդելով, թե դա ապացուցող որևէ հավաստի փաստ չկա:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ դադարեցվել են բոլոր չվերթները Եգիպտոս, և այդ երկրում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկներին հայրենիք են տեղափոխում հատուկ օդանավերով ու առանց ուղեբեռի:

Կրեմլը շտապել է հայտարարել, որ չվերթների դադարեցումը չի նշանակում, որ հիմնական վարկած է համարվում ահաբեկչությունը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ահաբեկչության վարկածի օգտին միանշանակ փաստեր չկան:

«Իսլամական պետության» ահաբեկիչները, մինչդեռ, երկու անգամ հայտարարել են, որ ռուսական ինքնաթիռն իրենք են կործանել:

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է, որ ահաբեկչության վարկածն ապացուցող տվյալները փոխանցել են Ռուսաստանին:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էին վարչապետ Քեմերոնը և արտգործնախարար Համմոնդը, մեծ է հավանակությունը, որ ռուսաստանյան օդանավը կործանվել է պայթյունի հետևանքով», ֊ նշում «Սպուտնիկ նյուզ» գործակալությունը: - «Մեր եզրակացություններն ու տեղեկություններն ուղարկել ենք մեր գործընկերներին՝ այդ թվում Ռուսաստանին»:

Կրեմլն այսօր հաստատել է Միացյալ Թագավորությունից տվյալների փաթեթի ստացումը, սակայն, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, բովանդակության մասին առայժմ լռում է:

Հիշեցնենք, «Կոգալիմավիա» ընկերության օդանավը կործանվել է հոկտեմբերի 31-ին, թռիչքից 23 րոպե անց, Սինայի թերակղզում: Օդանավում էին 224 մարդ, այդ թվում նաև 25 երեխա, բոլորը զոհվել են: