Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Զանգերի ղողանջի ներքո Ամենայն Հայոց կաթողիկոսը, ուղեկցությամբ Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվել է Մայր Տաճար:
Օրվա առիթով` հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ամփոփված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:
Հավարտ Պատարագի արարողության, Խաժակ արքեպիսկոպոսը քարոզ է ասել:
Այնուհետև հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի կատարվել է Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթել են Ամենայն Հայոց կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Վեհափառ հայրապետի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար: