Էջմիածնից Ստամբուլ. «թշնամու» մեջ ապրելով

Մզկիթ Ստամբուլում

Վերջին մեկ տարվա ընթացքում Քրիստինեին զանգերի ղողանջի փոխարեն արթնացնում է մոլլայի նամազը։

«Երբ առաջին անգամ լսեցի նամազի ձայնը, վեր թռա: Մինչև այսօր էլ այդպես է», - ասում է Էջմիածնից Ստամբուլ տեղափոխված 25-ամյա կինը։

Ամբողջ կյանքը Հայաստանի հոգևոր կենտրոնում անցկացրած Քրիստինեն ստամբուլահայի հետ է ամուսնացել, հիմա այնտեղի հայկական թաղամասում է ապրում։ Պատմում է, որ թուրքական քաղաք տեղափոխվելը հեշտ չէր։ Մեկ տարի անց էլ դեռ պայքարում է ինքն իր դեմ ու ծնողների, դաստիարակության ու սովորածի, Հայաստանում մնացած հարևանների ու Ստամբուլի հարևանների դեմ՝ բոլորի գիտակցության մեջ արմատացած կարծրատիպերը եթե ոչ կոտրելու, ապա գոնե մեղմելու համար․ - «Շատ ազատ ձևով փողոցում խաչ եմ կրում։ Կամ եկեղեցի գնալուց, որ շատ-շատ է եղել, որ տեսնում են՝ եկեղեցի ես մտնում, երբեք չեմ խուսափել։ Հայացքներ... Դե իհարկե շատ հաճախ հանդիպել եմ։ Բնականաբար, եթե խաչով տեսնում են, մի տեսակ թարս նայում են, հետո երևի հասկանում են, որ իրենք 21-րդ դարում են ապրում, ու մի տեսակ վարժվում են դրան»։

Պատմում է, որ թաղամասում, որտեղ բոլորը գիտեն, որ Հայաստանից է, կարող է ազատորեն զբոսնել մինչև ուշ գիշեր։ Նույնիսկ հայկական ազգանունը չի փոխել, ու դա չի խանգարել աշխատանք գտնելուն։ Հակառակը, երբ ապրիլի 24-ին ալևի տնօրենից թույլտվություն է խնդրել աշխատանքի չգնալու՝ Ստամբուլում Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, վերջինս զարմացել, բայց թույլատրել է։

«Չէ, շատ վախ կա։ Նույն իմ ընտանիքում ամուսինս զարմացավ, որ ես էդ օրը կարող է գնամ, ինչ-որ ցույցի մասնակցեմ, կամ սկեսուրս, շատ զարմացավ՝ վայ չէ, մի գնա, չգիտես՝ ինչ կարող է գա գլխիդ... Բայց եթե նայեմ «կարող է»-ի, կյանքը անցնում է, ու դու ոչ մի բան ձեռք չես բերի», - նշեց զրուցակիցս։

Պատմում է, որ ապրիլի 24-ի բողոքի ակցիային ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչին նաև բազմաթիվ թուրքեր էին միացել։ Երիտասարդների ոչ ազգայնական մասն ընդունում է՝ ինչ է կատարվել 1915-ին: «Այդպիսի շատ թուրքերի եմ ճանաչում, հենց նրանք փորձում են հասարակության մեջ ընդունված կարծրատիպերը կոտրել, կոտրել եղածը թաքցնելու մղումը», - ասում է Քրիստինեն։

Միևնույն ժամանակ ընդգծում է այն մոտեցումը, որն, իր կարծիքով, պետք է փոխվի Հայաստանում․ - «[Հայաստանում] էդքան շատ հայրենասիրություն մարդու մեջ չեն դնում։ Չեն ասում, որ դու քո դրոշը պետք է պաշտես, քո հայ լինելը պետք է պաշտես, այլ դրա փոխարեն ասում են, որ դու թուրքին պետք է չսիրես։ Իսկ էստեղ հակառակն է՝ չեն ասում, որ դու հային պետք է չսիրես, պետք է վատ վերաբերվես, դրա փոխարեն շատ ազգայնականություն են մարդու մեջ մտցնում փոքր ժամանակվանից»:

Թուրքական քաղաք տեղափոխվելուց հետո հենց իր մեջ բազմաթիվ փոփոխություններ են եղել։ Հասկացել է ոչ միայն հայերի ու թուրքերի, այլ նաև պոլսահայերի ու հայաստանցիների միջև տարբերությունը։

Քրիստինեի խոսքով, տեղի հայերի մեջ վախ կա՝ գուցե սարսափելի իրադարձությունները վերապրածների ուղիղ ժառանգների հիշողությունն է, այդուհանդերձ, ամուսնուն նրա հայկական անունով է կոչում։ Նշում է, որ Ստամբուլն էլ ամենին չի կարող ողջ Թուրքիան ներկայացնել, սակայն թեկուզ տասը տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել հայի, որն առանց խուսափելու խաչով կքայլի այդ քաղաքի փողոցներում ու թուրք երիտասարդների հետ կողք կողքի կանգնած՝ այդ երկրի կառավարությունից արդարամտություն կպահանջի։

«Եթե կարճ ասեմ՝ թուրքերի մեջ ապրելը, իհարկե, հեշտ չէ, բայց կոնկրետ Հայաստանում շատ ավելի չափազանցնում են։ Իհարկե, ասածս ոչ մի կերպ չի վերաբերում Ցեղասպանության ինչ-որ ժխտմանը, բայց հարցին փորձեն մոտենալ մի քիչ այլ տեսակետից՝ հաշվի առնելով, որ դու շատ փոքր երկիր ես, ու քո ձեռքին շատ քիչ խաղաքարտեր կան։ Ուղղակի զուտ հոգեկան առումով պետք չի, ինձ թվում է, մարդուն էդքան վատ տրամադրել մի ազգի նկատմամբ, որ ընդամենը քո հարևանն է», - ասում է նա: