Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր տարածած հայտարարությամբ կտրուկ քննադատության է ենթարկել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` դիվանագետի վերջին թվիթերյան գրառման համար:
Դրանում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննադատել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողվում այս շաբաթ հաստատված զեկույցը և ԵԽԽՎ-ին խորհուրդ էր տվել ԼՂ-ի հարցով զեկույցներ ընդունելուց առաջ խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ:
«Չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի զավթողական քաղաքականության շահերին ծառայող բաղկացուցիչ մասերից մեկն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հավելելով, թե «Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը զրոյական է»: