Այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:
Բուդաղյանը բողոքարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով նա մեղավոր էր ճանաչվել 2013-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Որպես պատիժ՝ Բուդաղյանը ենթարկվել էր 120 հազար դրամի չափով տուգանքի և համաներման կիրառմամբ ազատվել պատժից:
Ներկայացնելով վերաքննիչ բողոքը՝ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է, և Բուդաղյանը պետք է արդարացվի: Ըստ Ալումյանի՝ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, և պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են եղել սպանության սպառնալիքներ, մինչդեռ, նշեց փաստաբանը, որևէ վկա Լորետա Բարսեղյանի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին ցուցմունք չի տվել:
«Բոլոր վկաները նախաքննության սկզբում խոսում էին միայն հայհոյանքների մասին և ոչինչ չէին ասում սպառնալիքների մասին, իսկ երկու ամիս անց, երբ Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտություն եղավ, Խաչատրյաններն ու նրանց հարազատները սկսեցին խոսել սպառնալիքներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը:
Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Սակայն դեպքից երեք ամիս անց Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ արձակվեցին, և միջադեպի հետ կապված միակ անձը, ով կանգնեց դատարանի առաջ, Արտակ Բուդաղյանն էր:
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասով Տիգրան Խաչատրյանը պատասխանատվությունից ազատվել է հենց այն պատճառով, որ գործը քննող քննիչն առանց դատարանի որոշման հաստատված է համարել Լորետա Բարսեղյանի հասցեին Արտակ Բուդաղյանի կողմից մահվան սպառնալիքներ հնչեցնելու փաստը:
«Որպեսզի արդարացնեն Տիգրան Խաչատրյանի՝ Արտակ Բուդաղյանի վրա կրակելը, սկզբնական փուլում փորձում էին ցույց տալ, թե Արտակ Բուդաղյանն էլ է կրակել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ Արտակի զենքը լիցքավորված չի եղել: Դրա համար սարքեցին, որ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել Լորետա Բարսեղյանի հասցեին, ու Տիգրանն էլ կրակելով իր մորն է պաշտպանել», - ասաց Ալումյանը:
Ըստ փաստաբանի, եթե Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումն ու արձանագրի, որ սպանության սպառնալիքներ չեն եղել, ապա Տիգրան Խաչատրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսի:
Բողոքի վերաբերյալ դատախազությունն ու տուժող կողմի ներկայացուցիչները իրենց դիրքորոշումները կներկայացնեն հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 20-ին: