Մեծ Բրիտանիայի դեսպան․ «ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման լավագույն հարթակն է»

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթ

Դեսպան Ջուդիթ Ֆարնվորթի խոսքով, ԵԽԽՎ-ի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն այն է, որ «կառավարությունը չի կարող վերահսկել, թե ինչ են անում ԵԽԽՎ-ի պատգամավորները»:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ: Թվիթերում այսպիսի գրառում է կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նման ձևով արձագանքել է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին առնչվող վիճահարույց բանաձևի նախագծին ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի հավանություն տալուն:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Զեկույցը Հայաստանում լուրջ քննադատության է արժանացել իշխանությունների կողմից, իսկ ընդդիմությունը դրա շրջանառումը հայկական դիվանագիտության պարտություն է որակել։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթն այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ-ի հանձնաժողովի վիճահարույց զեկույցին, մասնավորապես, ասաց․

«Ես այս մասին քննարկումներ ունեցել եմ ձեր արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ և, օգտվելով հնարավորությունից, ասել եմ, որ մենք համոզված ենք՝ ԵԱՀԿ-ն լավագույն հարթակն է քննարկումները առաջ տանելու և հակամարտությունը կարգավորելու համար։ Թեև մենք ընդունում ենք, որ ցանկացած կառույց պետք է հնարավորություն ունենա քննարկել այսպիսի հարցերը, բայց մենք մեծապես աջակցում ենք Մինսկի խմբին և ցանկանում ենք, որ գործընթացը շարունակվի և խնդիրը հանգուցալուծվի»։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով տևական ժամանակ ղեկավարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ոչ հայանպաստ այս զեկույցի ընդունման հարցում հայկական պատվիրակության մեղքը չի տեսնում։ Այդ զեկույցը նա համարում է ԵԽԽՎ-ում ստեղծված մթնոլորտի արդյունք։

«Այդ կազմակերպությունը իրավունքների պաշտպանության կազմակերպությունից վերածվել է շահերի կազմակերպության: Ցավոք սրտի, վերջին տարիների բազմաթիվ հարցերով քվեարկությունները վկայում են այն մասին, որ շահերը սկսել են գերակշռել»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

Իսկ ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը չի կարողանում Հայաստանի շահերն առաջ մղել, այս հարցին Հարությունյանն այսպես արձագանքեց. - «Երբ ես ասում եմ շահեր, նկատի չունեմ դասական շահերը և դասական պաշտպանության մեխանիզմները: Ես խոսում եմ այն պաշտպանության մեխանիզմների մասին, որոնք անթույլատրելի են և անհարիր ժողովրդավարական հասարակություններին»: