Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ գիշերը Ոսկեվանի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակոցներ են հնչել։
«Գիշերը կրակոցներ եղել են, չենք բացառում, բայց այս պահի դրությամբ խաղաղ է: Այն, որ մարդկային վնաս չկա, դա փաստ է, բայց ասեմ, որ շինությունների վիճակը դեռ չգիտենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ փոխանցեց, որ չնայած երեկ երեկոյան հնչած կրակոցներին՝ գիշերը Բաղանիսում հանգիստ է անցել։
«Գիշերն անցել է հանգիստ։ Կրակոցները եղել են երեկ՝ 19։30-ի կողմերը սկսեցին և մինչև 1-ը տևեցին։ Գյուղի ուղղությամբ էլ է եղել, նոր պետք է գնամ տեսնեմ՝ վնասի չափն ինչքան է։ Մարդիկ կան՝ նկուղներ ունեն պատրաստած, գիշերն էնտեղ են քնում, որովհետև ոչ ոք չգիտի, թե գիշերն ինչ կլինի», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն անընդհատ լարված է պահում սահմանը։
Հիշեցնենք, երեկ ժամը 16:30-ի սահմաններում Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս - Ոսկեպար հատվածում ադրբեջանական կողմը բեռնատար մեքենա էր գնդակոծել։
«Բաղանիսի այդ հատվածը միջպետական ճանապարհի վրա է, անցած օրն էլ բեռնատարի վրա են կրակել, անվադողերն են ծակել, շարժիչն է շարքից դուրս եկել, վարորդն էլ ազգությամբ օսեթ է, բարեբախտաբար նա չի տուժել և որևէ վատ բան իր հետ չի եղել, մեր ժողովուրդը գնացել, նրան բերել է։ Չնայած դա միջպետական ճանապարհ է՝ մինչև Բաղանիս մտնելը, իրենց հենակետերից գնդակոծում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։