Երևանում ավարտվեց «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով երթը

Երևանում ավարտվեց «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով և «Anonymous» հաքտիվիստային խմբավորման կողմից օգտագործվող Գայ Ֆոքսի դիմակներով փողոց դուրս եկած տասնյակ ակտիվիստների երթը:

Ազատության հրապարակից մեկնարկած և մոտ մեկուկես ժամ շարունակված երթի ընթացքում ցուցարարներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոց - Ամիրյան - Նալբանդյան, ճանապարհին կանգնելով Կառավարության շենքի դիմաց:

Նալբանդյան փողոցի հատվածում երթի մասնակիցները մոտ 20 րոպե կանգ առան՝ հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, ովքեր պնդում էին, որ երթի իրազեկման մեջ այդ փողոցի տվյալ հատվածը նշված չէր:

Ի վերջո, ցուցարարների և ոստիկանների միջև բանակցությունների արդյունքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլատրեց Շահեն Հարությունյանին և նրա մորը «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բարձրանալ վերև՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և այդպիսով արտահայտել իրենց բողոքը:

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:

Նշենք, որ նոյեմբերի 5-ը, որը ամբողջ աշխարհում ընդունված է որպես «Միլիոնավոր դիմակավորների երթի» օր, երբ քաղաքացիները աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում փողոց են դուրս գալիս ազատության և արժեքների համար պայքարի, Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ստացավ 2013-ի նոյեմբերի 5-ին, երբ «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները բախում ունեցան ոստիկանների հետ, իսկ դրան հետևած դատական գործընթացում Շանթն ու ընկերները խուլիգանության մեղադրանքներով դատապարտվեցին մինչև 7 տարվա ազատազրկման: