Նախնական գնահատումներով, Ջուբայի ավիավթարի պատճառը տեխնիկական է

Հարավային Սուդանում վթարված «Անտոնով» ինքնաթիռը

Վիճակագրությունը փաստում է՝ վերջին 15 տարիներին միայն աֆրիկյան մայրցամաքում 15 հայ օդաչու է զոհվել:

Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ՝ երեկ Հարավային Սուդանում զոհված հայ օդաչուների աճյունները հնարավորինս շուտ հայրենիք տեղափոխելու համար: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարված «Անտոնով» տիպի օդանավի անձնակազմի վեց անդամներից հինգը հայեր էին։ Վիճակագրությունը փաստում է՝ վերջին 15 տարիներին միայն աֆրիկյան մայրցամաքում 15 հայ օդաչու է զոհվել։

Խորհրդային տարիներին ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը թվարկում է այն գործընկերներին, որոնք ստիպված են եղել աշխատանք չունենալու պատճառով Աֆրիա մեկնել։ Ինքն էլ հեռավոր երկրներում աշխատելու փորձ ունեցել է։

«Գագոն Աֆրիկայում զոհվավ, Սամվելը զոհվավ, Վալերի Կանգուրովը զոհվավ, Չիլինգարյան Սերգեյը զոհվավ Մալիում։ Վեցերորդ էկիպաժը հայերի Աֆրիկայում ա զոհվում։ Աֆրիկայում, լավ էլ չի ասել, արաբը չի հարցնում՝ ինչքան բարձեմ, կամ չբարձեմ, մի քիչ էլ որ հանկարծ խոսում ես՝ քաշում ա ավտոմատը վրեդ, ասում ա՝ էսքան պիտի բարձվի»,- պատմում է Սարգսյանը։

Հարավային Սուդանի քաղավիացիայի վարչության փորձագետները չեն բացառել, որ վթարի պատճառ կարող էր լինել օդանավի գերբեռնվածությունը։ Հաղորդվում է նաև, որ հայկական «Տարոն Ավիա» ընկերության կողմից շահագործվող ինքնաթիռը Հայաստանի հաշվեկշռից հանվել և 2014-ին գրանցվել է Տաջիկստանում։ «Դեռ հայտնի չէ՝ օդանավն օրինական է աշխատել, թե օգտագործվել է, այսպես ասած, սև փոխադրողների կողմից»,- ասում է հայկական առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի՝ «Ֆենիքս ավիա»-ի հիմնադիր Հակոբ Ճաղարյանը։

«Վթարը պատահել ա, իմ համոզմունքով, միանշանակ տեխնիկական վատ վիճակի պատճառով, օդանավերը ընդեղ գտնվել են մի տարուց ավել և համոզված եմ՝ ոչ մի տեխսպասարկում չեն անցել։ Մտել եմ «Անտոնով»- ի նախագծային բյուրոյի էջը և նայել եմ այնտեղ գտնվող օրինական օդանավերը: Էդ օդանավի մասին ընդեղ խոսք չկա, համոզված եմ՝ շարժիչները շահագործման ժամանակից դուրս են, օդանավը չի ունեցել հայկական գրանցում, ես կարող եմ դա պնդել միանշանակ, որովհետև 2014 թվականի հունվարի 1-ից սովետական արտադրության բոլոր օդանավերը, բացի նրանցից, որոնք ունեն տիպի սերտիֆիկատ, դուրս են եկած հայկական գրանցումից»,- ասում է Ճաղարյանը։

Մասնագետը համոզված է՝ անկախ այն բանից՝ կեղծ են, թե ոչ փաստաթղթերը, հստակ է, որ Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրելու: Անորոշ է փոխհատուցման հարցը։ «Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի մի օդանավ, որը չունի շագհագործման վկայական և անձնակազմ, որը թռնում ա շահագործվելու իրավունք չունեցող օդանավով»։

Մասնագետները պնդում են՝ հայ օդաչուները ստիպված են թռիչքներ իրականացնել երբեմն տեխնիկական զննություն չանցնող, շահագործման տարիքն անցած ինքնաթիռներով, քանի որ այլընտրանք չունեն։ «Մարդը ազատ ա, ինքը Հայաստանում աշխատանք չունի, ինքը մի տեղ պիտի աշխատի, չկա փոխադրող Հայաստանում»,- շարունակում է Ճաղարյանը։

Դեռևս 2001-ին Իրանում տեղի ունեցած ավիավթարում որդուն՝ տան միակ կերակրողին կորցրած Ջեմմա Հովհաննիսյանը մինչև հիմա ամեն շաբաթ կառավարության շենքի մոտ է գալիս՝ փոխհատուցում ստանալու պահանջով։ Ասում է՝ երեկ վերապրել է 14 տարի առաջ տեղի ունեցածը։

«Նույնը կրկնվեց, ոնց ես իմ տղայի լուրն էի լսել, ամբողջ օրը լաց եմ եղել, ինչի համար պիտի գնային, տուն տեղ թողնեին գնային, որ էդ օրին արժանանային, ու մենք էլ էդքան տանջվեինք։ Ամբողջ օրը կանգնեինք։ Տարին քանի անգամ ես կանգնում եմ բողոքի։ Հաշմանդամ օդաչուներն այսօր կառավարության մոտ իրենց մշտական ցույցը միմյանց ցավակցելով սկսեցին։ Լրատվամիջոցներից են տեղեկացել Սուդանում աշխատող օդաչու ընկերների մահվան մասին»,- ասաց տիկին Ջեմման։