Սոցապ նախարարը խոստովանում է՝ «կյանքը դժվարանալու է»

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյան, արխիվ

Քաղաքացիներն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, արտագաղթը էլ ավելի մեծ թափ կստանա։

«Կյանքը դժվարանալու է»,- այսօր 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ասել, որ առաջիկայում աղքատության ցուցանիշը կաճի՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի բյուջեի եկամուտները նվազելու են, թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի լինելու, իսկ գնաճը կազմելու է 4 տոկոս: Պաշտոնական տվյալներով Հայաստանում արդեն աղքատ է բնակչության 32 տոկոսը:

«Բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, բայց, մյուս կողմից, որպեսզի կարողանանք հստակ գնահատական ունենալ, պիտի հրապարակվի համապատասխան տվյալները Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Բնական է, որ կյանքը դժվարանալու է էդ առումով»,- ասաց նախարարը։

Նկատենք, որ եթե նախորդ տարիներին իշխանությունները աչքի էին ընկնում ժողովրդի կյանքը բարելավելու և տնտեսական աճի մասին խոստումներով, ապա այսօր արդեն ոչ միայն խոստումներ չեն տալիս, այլև բարձրաձայնում են սպասվող դժվարությունների մասին։ Ավելին, այս շաբաթ բյուջեի քննարկումների ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ժողովրդի կյանքը բարելավելու մասին խոստումները ոչ միայն ամբոխահաճո են, այլև ոչ ազնիվ:

«Ինչպե՞ս խորհուրդ կտայիք հատկապես սոցիալապես խոցելի խմբերին դիմագրավել այդ դժվարություններին»,- հարցրեցինք նախարարին։ «Կառավարության կողմից ներկայումս արվում է առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք մեր բնակչության սոցիալական առաջնահերթ խնդիրներին լուծումներ ապահովենք։ Եթե ուշադրություն դարձնեք, այս ընթացքում որոշ երկրներում սոցիալական ծրագրեր կրճատվեցին, նաև հարևան երկրներում, որոշակիորեն պետական բյուջեում կրճատումներ տեղի ունեցան։ Փառք Աստծո, այս առումով մեր հանրապետությունում դեռևս էդպիսի իրավիճակ չի առաջացել և այդպիսի խնդիրներ չեն առաջադրվել»,- պատասխանեց Ասատրյանը։

Անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե հաջորդ տարվա համար նախատեսված 2.2 տոկոս տնտեսական աճը խթանելու է արտագաղթը, սոցապ նախարարն ասաց.- «Ես կարծում եմ, մեր կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ժողովրդագրության ազգային ծրագրի մասին նշեցի, որ մշակվել է և կառավարությունում կքննարկվի և կհաստատվի, պիտի ունենանք առարկայական ծրագրեր, որոնք պիտի ապահովեն մեր բնակչության ավելի բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում և ձգտումը մնալ և ամրապնդվել ՀՀ-ում։ Մենք ունենք վերլուծությունները այն խնդիրների, որոնք բերում են [արտագաղթելու] մտադրությունների, դրանք բազմատեսակ են՝ կապված բնակարանային ապահովման խնդիրների հետ, մասնավորապես՝ երիտասարդ ընտանիքներում, աշխատանքի ապահովման խնդիրների հետ, և այս առումով կառավարությունը առարկայական ծրագրեր է իրականացնելու»։

Հարց հնչեց, թե արդյոք կարո՞ղ է նշել մեկ-երկու ակնառու բարեփոխում, որն իրականացվել է սոցիալական ոլորտում, նախարար Արտեմ Ասատրյանը օրինակ բերեց «մեկ պատուհանի» սկզբունքը:

«Ոտքի վրա դժվար կլինի մեկ-երկուսը լիարժեք ասել, որպեսզի լիարժեք պատկերացում կազմեք. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, որը նշանակում է, որ ձևավորում ենք մեկ միասնական ընդունարան, մեկ պատուհանի սկզբունք, որտեղ քաղաքացիները իրենց բոլոր սոցիալական խնդիրներով ստանում են համալիր սոցիալական ծառայություններ։ Իսկ դա նշանակում է ձերբազատվել տարբեր քաշքշուկներից»։

Մինչ նախարարը որպես սոցիալական բարեփոխման ակնառու օրինակ է նշում մեկ պատուհանի սկզբունքը, քաղաքացիներն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, արտագաղթը էլ ավելի մեծ թափ կստանա։

«Խեղդվում է ժողովուրդը, ոչ թե կարողանում է ապրել, դրա համար էլ փախչում են երկրից։ Եթե մի քիչ բարելավվի, մարդիկ կմնան և էստեղ կաշխատեն, ոչ թե այլ երկրներ կգնան։ Ես ինքս երեք երեխա ունեն ու մենակ իմ աշխատավարձով շատ դժվարությամբ եմ պահում էրեխեքիս»,- ասում էր երևանցի մի կին։

«Մեր կառավարությունը նենց ա սովորեցրել մեզ, որ անպայման պիտի դիմանանք՝ ո՛չ բողոքն է լսվում, ո՛չ կարծիքը»,- հեգնեց մեկ այլ զրուցակից։