Տուլայի վթարից զոհվածների մարմինները Հայաստան կբերվեն վաղը

Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.

Տուժածներից ոմանք իրենց բուժումը կշարունակեն Ռուսաստանի հիվանդանոցներում:

Ռուսաստանի Տուլայի մարզում վթարված ավտոբուսի ուղևորները, վթարից տուժածները, ինչպես նաև զոհվածների մարմինները Հայաստան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Լևոն Թորգոմյանը:

Ըստ նրա, այս պահին Ուզլովայա քաղաքի կենտրոնական հիվանդանոցում են գտնվում վթարից տուժած 13 մարդ, որոնցից 6-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Տուժածներից ոմանք Հայաստան կտեղափոխվեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած ինքնաթիռով, ոմանք էլ իրենց բուժումը կշարունակեն Ռուսաստանում: Ըստ Թորգոմյանի, դա կախված է բժիշկների որոշումից:

Դեսպանության մամլո խոսնակը նաև նշեց, թե վթարի պատճառների վարկածների մասին տեղեկություններ չունի: Ըստ նրա, առաջիկայում տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կպարզվեն որոշ հանգամանքներ և «կորոշվի վարորդի ճակատագիրը»:

Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն «Ազատությանն» ասել էր, թե վթարից տուժածները կստանան 50 հազարական, իսկ զոհվածների հարազատները՝ 100 հազարական ռուբլի:

ՌՀՄ-ի նախագահը նաև ասել էր, թե այսօր Ռուսաստանում նշվող Միասնության տոնի կապակցությամբ նախատեսված տոնական միջոցառումները, այդ թվում՝ համերգը, չեղյալ են հայտարարել: Տոնի առթիվ այսօր Մոսկվայում կայացած երթերին, սակայն, ՌՀՄ ներկայացուցիչները մասնակցել են: