Ռուսական տնտեսագիտական դպրոցի նախկին տնօրեն Սերգեյ Գուրիևը, ով Ռուսաստանը լքել է ՅՈւԿՕՍ-ի գործով ձերբակալությունների վտանգի պատճառով, նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ։
ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Գուրիևը այդ պաշտոնը կզբաղեցնի 2016 թվականի ամռանը։ Նա դարձել է առաջին ռուսաստանցին, ով նշանակվել է միջազգային տնտեսական ոլորտում նման բարձր պաշտոնում։
Գուրիևը հայտնի է ՅՈւԿՕՍ-ի գործով իր փորձագիտական հաշվետվությամբ։ 2013 թվականին Ռուսաստանի քննչական կոմիտեում Գուրիևը մի քանի անգամ հարցաքննվել է, ինչից հետո էլ որոշել է լքել Ռուսաստանը՝ տեղափոխվելով Ֆրանսիա, որտեղ սկսել է աշխատել Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցում՝ որպես պրոֆեսոր։
2015 թվականի հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը Գուրիևին հիշելով հայտարարել է.- «Եթե նա որոշի վերադառնալ և աշխատել այստեղ, ապա, ի սեր Աստծո, մենք միայն ուրախ կլինենք»։
«Նա խելացի է, շատ լավ մասնագետ։ Դրա համար էլ աշխատանք է գտել, երևի լավ աշխատանք»,- ասել էր Պուտինը։
Իր վերջին հարցազրույցներից մեկում, սակայն, Գուրիևը ասել էր, թե չի պատրաստվում վերադառնալ Մոսկվա, քանի որ համարում է, որ առաջվա պես իրեն սպառնում է ձերբակալման վտանգ։