Ռուսական ծանր ուղղաթիռները, որոնք հերթապահելու են Ստեփանավանի օդանավակայանում, օգտագործվելու են ոչ միայն փրկարարական աշխատանքների համար, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ բազմանշանակ հավելելով, որ ռազմական հարցերի մասին տեսախցիկի առջև չի ցանկանում խոսել:
«Ազատության» դիտարկմանը, որ մասնավորապես, Ми-24-ը հարվածային, ռազմական ուղղաթիռ է, և արդյոք օդանավակայանը միայն ԱԻՆ-ի գծո՞վ է օգտագործվելու, թե՞ նաև ռազմական, Արմեն Երիցյանը արձագանքեց.- «Չէ, չէ, կա որ ինքը ծանր բեռներ է բարձրացնում, մենք ունենք, և մենք իրար հետ աշխատում ենք։ Օդանավակայանը դեռ ԱԻՆ-ի գծով է, բայց հետագայում եթե հնարավոր լինի այլ ուղղություններով օգտագործել, կօգտագործենք, օրինակ՝ գյուղատնտեսական...»։ «Իսկ ռազմականը առանց սրա»,- տեսախցիկը ցույց տալով հավելեց նախարարը։
Ստեփանավանի օդանավակայանը կառավարությունը 2013 թվականի օգոստոսին հանձնեց Երիցյանի գլխավորած նախարարությանը՝ հիմնավորմամբ, թե օդանավակայանի գործարկման շնորհիվ փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի արդյունավետ:
Երեկ հայտնի դարձավ, որ օդանավակայանի վերանորոգումից հետո այնտեղ հերթապահություն են իրականացնելու ռուսական ծանր ուղղաթիռներ, ներառյալ Ми-24-ներ:
«2016 թվականին մենք այնտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն կավարտենք։ Ես պայմանավորվել եմ նաև իմ ռուս գործընկերների հետ, որ այստեղ մեզ պետք են ծանր ուղղաթիռներ, խոսքը գնում է Ми-24, Ка-32-ի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ այստեղ հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները, և այստեղ կլինի ծառայությունը», - հայտարարել էր նախարարը։
Չնայած երեկ Երիցյանը հավելեց, որ աշխատանքներ են տարվում օդանավակայանում թեթև ուղղաթիռների ու օդանավերի հերթապահության ուղղությամբ, և Ռուսաստանից բացի համագործակցության ծրագրեր են մշակվում Շվեյցարիայի ու Ֆրանսիայի հետ, սակայն ուշադրություն գրավեց Ми-24 ուղղաթիռների մասին տեղեկությունը, որովհետև այն աշխարհում ամենատարածված հարվածային ուղղաթիռներից է և լայնորեն կիրառվում է աշխարհի մի շարք երկրների բանակներում:
2014 թվականի հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի «Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա՝ մանրամասնելով, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ՝ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանդակության ժամանակ»:
Արդյո՞ք ռուսական ռազմակայանի ուղղաթիռները տեղակայվելու են նաև Ստեփանավանի վերանորոգված օդանակավայանում, այսօր փորձեցինք պարզել ռուսաստանյան Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, սակայն գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանել:
«Ազատության» հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեց մոտ երկու տարի առաջ Պուտինի՝ Հայաստանում արած հայտարարությունը, թե Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, հակառակը՝ պատրաստվում է ամրապնդել իր դիրքերն այստեղ:
«Եվ մենք վերջին երկու տարվա ընթացքում ամենատարբեր հարթություններում՝ կլինի դա երկրի քաղաքական կյանքը, երկրի ինքնիշխանությունը, թե ռազմական ոլորտը, նկատելիորեն տեսնում ենք ռուսական ներխուժում»,- ասաց վերլուծաբանը։