Հայաստանը և Ղարաբաղը ներկայացված են Լոնդոնի զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստան - Գեղարդավանք

Նոյեմբերի 2-5-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ Լոնդոնում ներկայացնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչությունը World Travel Market ամենամյա միջազգային ցուցահանդեսին:

Հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ World Travel Market 2015-ին մասնակցում են 186 երկրների շուրջ 5 հազար զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Ցուցահանդեսը հաջորդում է ոլորտի կարևորագույն միջոցառմանը՝ Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային թեմաներով գրող լրագրողների ընկերակցության ընթրիք-մրցանակաբաշխությանը, որն այս տարի ուղեկցվել է հայկական գինու, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային գրավչության շնորհանդեսով: Հատկապես այդ շնորհանդեսից հետո ցուցահանդեսում հայկական տաղավարն ավելի մեծ ուշադրության է արժանացել եվրոպացի լրագրողների և տուրօպերտորների կողմից:

«Մեր երկրի զբոսաշրջային ընկերությունները մասնագիտացված հանրությանը ներկայացնում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգությունը, զբոսաշրջային փաթեթները, այցելուներին տրամադրում են գովազդային նյութեր, քարտեզներ», - ասված է հաղորդագրությունում:

«Մեր մասնակցությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին նպատակ ունի խթանելու հայկական երկու պետություններ այցելող զբոսաշրջիկների թվի աճը, նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերին: Մենք կարևորում և աջակցում ենք նման ծրագրերի իրականացումը նաև Արցախի զբոսաշրջային հմայքը հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ հաշվի առնելով Լոնդոնում հայկական թեմայի շնորհանդեսի հաջողությունը` առաջիկա տարիներին կարող ենք ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ակնկալել Հայաստանում և Արցախում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: