Սերժ Սարգսյան․ «Այս գիշեր կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը»

Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Վթարի կապակցությամբ նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:

Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: