Օհանյանի կնոջը վերաբերող հրապարակումների համար կարող է քրգործ հարուցվել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հայտնում է, որ քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը՝ «նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում» Հովհաննես Հայրապետյանի մահվան պատճառ դարձած վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին։

Հիշեցնենք, պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին՝ պահանջելով ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։ Սեյրան Օհանյանի կինը որպես փոխհատուցում գումար չի ուզել, փոխարենը դատարանից պահանջել է պարտավորեցնել թերթին հերքել տեղեկությունները, որոնցում իր անունը կապվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան հետ։

Այս հարցով գլխավոր դատախազին էր դիմել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով իրեն, իր ընտանիքն ու պաշտպանական գերատեսչությունը վարկաբեկող հրապարակումների փաթեթ։ Դատախազությունը փաստաթղթերն ուղարկել էր Ոստիկանություն՝ ընթացք տալու համար։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը Հայաստանի նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար», - ասված է դատախազության այսօրվա հաղորդագրությունում: