Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով՝ երթևեկության կանոնները խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան։ Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։
Աղբյուրը, վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, նշում է, որ այսօր առավոտյան Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հեռախոսազրույց է ունեցել Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հետ։ Նրանց որոշմամբ՝ համատեղ կոմիտե է ստեղծվել, որը կզբաղվի զոհվածների մարմինները նույնականացնելու և Հայաստան տեղափոխելու հարցերով։