Դատարանը չքննեց որդեկորույս մայրերի դիմումը

Որդեկորույս մայրերի բողոքի ցույցը նախագահի նստավայրի մոտ, 13-ը մայիսի, 2015թ.

Նրանք Կենտրոն և Նորք-Մարաշի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջում էին վերացնել ՀՔԾ որոշումը։

Ամիսներ շարունակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ցույցեր անող որդեկորույս մայրերը դիմել են դատարան՝ պահանջելով վերացնել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը, թե այս տարվա մայիսին իրավապահները համաչափ ուժ են կիրառել նրանց նկատմամբ:

Ամիսներ առաջ, երբ ցուցարարները գործերը վերաբացելու և բանակում մահվան դեպքերի մեղավորներին գտնելու պահանջով նախագահական էին եկել, ոստիկանները կանանց ուժով դիմացի մայթ էին տեղափոխել, քննչական ծառայությունն ու դատախազությունը, սակայն, որոշել էին, թե ոստիկաններն իրենց օրինական պարտքն են կատարել:

Կենտրոն և Նորք-Մարաշի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ևս այսօր քննության չառավ նրանց դիմումը՝ պնդելով, թե այն պետք է քննվի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում:

Դիմող կողմի փաստաբան Հայկուհի Հարությունյանը քիչ հավանական է համարում, որ ի վերջո կբավարարվի ծնողների պահանջը։ «Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ փետրվարի դեպքերով, նույն սցենարով գործը մերժվեց՝ և՛ Գլխավոր դատախազության կողմից, և՛ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, և՛ արդեն Վերաքննիչից, չեմ կարծում, որ այս պարագայում դատարանը կկարողանա այլ վարքագիծ դրսևորել։ Բայց, միևնույն ժամանակ, հուսով ենք, որ գոնե դատարաններից մեկը սխալը կուղղի, և մյուսի համար ևս կհանդիսանա, գոնե վճռաբեկության կարգով, քննության արդյունքում ունենալ ի օգուտ ծնողների դրական որոշում», - ասաց Հարությունյանը։

Որդեկորույս մայրերը Հատուկ քննչական ծառայություն, հետո Գլխավոր դատախազություն էին դիմել նաև այս տարվա փետրվարին, երբ ոստիկաններն արգելել էին նրանց մոտենալ նախագահի նստավայրին։ Նրանք պնդում են, թե խախտվել է խաղաղ հավաքներ իրականացնելու իրենց իրավունքը: Իրավապահ մարմինները, սակայն, մերժել էին դիմումը:

Այսօր էլ, երբ գործն ուղարկվեց այլ դատարան, ծնողները վրդովվեցին՝ որտե՞ղ պաշտպանեն իրեն իրավունքները: «Էս հերթական անգամ ոնց որ թե ուզում են մեզ չարչարեն։ Ուղղակի ես ուզում եմ, որ իրենք հասկանան, որ իմ իրավունքը պետք է չոտնահարեն ևս մեկ անգամ։ Տղայիս իրավունքը ոտնահարեցին, կյանքի իրավունքը ոտնահարեցին։ Ինչքա՞ն կարելի է դիմադրել սրանց», - ասաց խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանը։

Սևազգեստ Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը մեկ տարի շարունակ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին խնդրում են ընդունել ու լսել իրենց, առայսօր, սակայն, պատասխան չունեն:

Ասում են՝ ոստիկանների կոշտ վերաբերմունքն իրենց չի կոտրելու և պատրաստ են դատական բոլոր ատյաններով անցնել, թեպետ մեծ հույսեր չունեն, որ իրենց քաշքշած ոստիկաններն ի վերջո կպատժվեն:

«Ես էս դատարաններին էլ չեմ հավատում, քանի որ քննիչին պարզ երևում էր տեսանյութում, որ ծնողներին ոնց են էն մայթից էն մայթը քաշքշում, եթե ուզենար քննիչը, այնտեղ պարզ երևում է, դատաբժշկական եզրակացություն էլ, տեսանյութով էլ, որ ոնց են մեզ ոստիկանները քաշքշում, հրում, բրդում, պարզ երևում է, էլ ի՞նչ պետք է դատական ատյաններ մենք անցնեինք, քանի որ ինքը պարզ կարող էր գրեր, որ հա, ոստիկանները ծնողներին բրդել են, քաշել են, հրել են», - ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ հավելեց. - «Ես չեմ հավատում դատավորները գոնե մի անգամ նենց անեն, որ ժողովրդի հավատը վերադառնա դեպի դատարանը»։