«Կոգալիմավիա»․ Միակ պատճառը կարող էր լինել մեխանիկական ներգործությունը

Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոսում աղետի ենթարկված A321-ի անձնակազմը չի զեկուցել օդանավում վթարային իրավիճակի մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Կոգալիմավիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Յունգը:

«Աղետալի իրավիճակի զարգացման սկզբում անձնակազմը ամբողջովին կորցրել է աշխատունակությունը: Հենց դրանով կարելի է բացատրել այն, որ չի եղել կապի դուրս գալու և օդանավում վթարային իրավիճակի մասին զեկուցելու ոչ մի փորձ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Յունգը:

«Կոգալիմավիա»-ն գտնում է, որ A321-ի ավերման միակ պատճառը կարող էր լինել մեխանիկական ազդեցությունը օդում, ինքն իրեն ինքնաթիռը չէր կարող ավերվել: «Օդանավը անկառավարելի թռիչքի մեջ էր, այն ոչ թե թռչում, այլ ընկնում էր», - հայտարարել է Յունգը՝ հավելելով․ - «Ըստ երևույթին, տվյալ պահին այն նշանակալի կոնստրուկտիվ վնասվածքներ էր ստացել, որոնք թույլ չեն տվել շարունակել թռիչքը»:

Ավիաընկերությունում բացառում են, որ աղետի պատճառ կարող էր դառնալ անձնակազմի սխալը կամ տեխնիկական խնդիրները:

«Ռոսավիացիա» գործակալության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, սակայն, «Ռոսիա 24»-ի եթերում «վաղաժամ և չհիմնավորված» է որակել «Կոգալիմավիա»-ի հայտարարությունը օդանավի նկատմամբ արտաքին ազդեցության վերաբերյալ և ընդգծել, որ դեռ մեծ աշխատանք պետք է իրականացվի աղետի պատճառները պարզելու համար: