Անցյալ շաբաթ տեղի ունեցած ուշագրավ մշակութային իրադարձությունները թերևս արվեստասերներին անտարբեր չէին կարող թողնել անձրևային ու մշուշոտ այս աշնանային օրերին:
Ամփոփվեց մոտ երկու ամիս տևած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որն ամեն տարի նախաձեռնում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Փառատոնի վերջին համերգը նվիրված էր ժամանակակից լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի ծննդյան 76-ամյակին։
Նկարիչների միությունում էլ անցած շաբաթավերջին բացվեց Սեդրակ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը։ 150 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ են ներկայացված, նաև՝ մի շարք էտյուդներ, էսքիզներ։ Հոկտեմբերի 30-ից բացված այս ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը։
Հոկտեմբերի 28-ից մայրաքաղաքում անցկացվում է նաև «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն ավելի քան 400 անիմացիոն ֆիլմեր՝ ամենատարբեր ծրագրերի շրջանակներում։ «Վերածնունդ» խորագրի ներքո այս տարի ներկայացված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիր։ Վաղը փառատոնի վերջին օրն է։
Իսկ Գրողների միությունում օրերս տեղի ունեցավ բանաստեղծուհի, գերմանագետ Ագապի Մկրտչյանի թարգմանած՝ Պարույր Սևակի գերմաներեն հատընտիր ժողովածուի շնորհանդեսը։
Մկրտչյանն արդեն 25 տարի է բնակվում է Գերմանիայում, Վիսբադեն քաղաքում ավագ դպրոցներից մեկում գերմաներեն է դասավանդում։ Սևակի «Ու ծակում հոգիս» խորագրով գերմաներեն այս ժողովածուն նրա թարգմանական առաջին փորձն է։
«Խորագիրը՝ «Ու ծակում հոգիս», իր բանաստեղծություններից մեկը, որ այստեղ տպագրված է, մի տողն ենք վերցրել, որովհետև շատ է սազում մեր ամբողջ կոնցեպտին։ «Ու ծակում հոգիս», այսինքն՝ վերցրել ենք սա, որովհետև այս տողն, իմ կարծիքով, լավագույնս է ներկայացնում այն, ինչ որ մենք ցանկացել ենք այս գրքով արտահայտել՝ ցավ, սեր, տառապանք, մեծություն, տաղանդ, ամեն ինչ», - ասաց Մկրտչյանը։
Լրագրողների հետ զրույցում բանաստեղծուհին շեշտեց, որ արդեն իսկ ձեռնամուխ է եղել նաև հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությանը, և հավանաբար հաջորդ տարի լույս կընծայի այդ շարքի առաջին ժողովածուն։