Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ևս 180-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ողբերգությունը տեղի է ունեցել ռոք-համերգի ժամանակ, որին ներկա է եղել մոտ 400 մարդ։ Ենթադրվում է, որ պատահարը գիշերային ակումբի շենքում անվտանգության կանոնները խախտելու հետևանքով է եղել։ Ըստ նախնական վարկածի, ակումբում պայթել են հրավառության համար նախատեսված նյութերն ու սարքավորումները։ Հաղորդվում է, որ դա Բուխարեստում անցած մի քանի տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենածանր միջադեպն է։
Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի։ Իրավապահները քրեական գործ են հարուցել։ «Հուսով եմ, որ պատկան ծառայությունները հնարավորինս արագ և արդյունավետ կբացահայտեն աղետի հանգամանքները»,- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը։