Ռուսաստանյան օդանավի աղետի հետևանքով զոհվել է առնվազն 224 մարդ

Ռուսական վթարված ինքնաթիռի ուղևորների հարազատները՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, 31-ը հոկտեմբերի, 2015թ․

Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է պարզել, թե արդյոք ինքնաթիռում եղել են հայեր:

Այսօր աղետի է ենթարկվել Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ հանգստավայրից Սանկտ Պետերբուրգ մեկնող «Կոգալիմավիա» ռուսաստանյան ընկերության քաղաքացիական օդանավը։ Զոհվել են բոլոր ուղևորները` 217 մարդ, այդ թվում 17 երեխա, և անձնակազմի բոլոր 7 անդամները։

Airbus A321 տեսակի ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքի 23-րդ րոպեին: Նախնական վարկածի համաձայն, օդանավը վթարվել է տեխնիկական անսարքության հետևանքով և վայր է ընկել Արիշ և Հասնա եգիպտական ավանների մոտակայքում: Աղետից րոպեներ առաջ անձնակազմի հրամանատարը հաղորդել է, որ անհրաժեշտ է վթարային վայրէջք կատարել։

Ուղևորների մեծ մասը արձակուրդից վերադարձող Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Պաշտոնական Կրեմլը փոխանցում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է կազմել պետական հանձնաժողով, որը հետաքննելու է վթարի հանգամանքները։

Ռուսաստանի քննչական կոմիտեն օդանավի աղետի փաստով քրեական գործ է հարուցել։ Հետաքննությունը կատարելու են Եգիպտոսի և Ռուսաստանի դատախազությունները։

«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է պարզել, թե արդյոք ինքնաթիռում եղել են հայեր։ Ըստ LifeNews ռուսաստանյան կայքի, ուղևորների ցուցակում եղել է Մնացականով ազգանունով մարդ, սակայն նրա քաղաքացիության կամ ազգային պատկանելության մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։