Ընդդիմությունը կարծում է՝ հեռուստաքարոզչության համար սահմանված ժամը «ամենաանհարմարն է»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, արխիվ

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը երեկ սահմանեց Ազգային ժողովի խմբակցություններին Հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը։

Հանրային հեռուստատեսությամբ քարոզչական տեսանյութերը հեռարձակվելու են ժամը 18-ից, Հանրային ռադիոյով՝ և՛ կեսօրից հետո՝ 13:30-ից, և՛ երեկոյան 21:40-ից սկսած:

ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի ձևավորած «Ոչ»-ի համատեղ շտաբի անդամ Սամվել Աբրահամյանի կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխանությունների կողմից ուղղորդված որոշում է կայացրել. երեկոյան 6-ը քարոզչության համար ամենաանհարմար ժամն է։

«Աշխատող մարդկանց մեծ մասը այդ պահին կամ կանգառում սպասում է տրանսպորտի կամ տրանսպորտի մեջ է։ Մեր կարծիքով՝ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամը ուղղակի անիմաստ է դարձնում ամբողջ հեռուստաքարոզչությունը։ Լսարան չկա»,- ասաց Աբրահամյանը։

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց.- «Կողմնակալության հետ կապված ընդհանրապես որևէ գնահատական չի կարող տրվել, որովհետև բոլորի համար նշված ժամանակահատվածը սահմանված է նույնը»։

Սամվել Աբրահամյանը պնդեց՝ «ոչ»-ի քարոզիչների ձայնը տեղ չի հասնելու։ «2008 թվականի նախագահական ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը իր եզրափակիչ արձանագրության մեջ հստակ ամրագրել էր, որ այսուհետև նախընտրական քարոզչության համար տրամադրվող եթերաժամը պետք է սահմանել երեկոյան լուրերի թողարկումից հետո, որպեսզի ընտրազանգվածը հնարավորություն ունենա լիարժեքորեն ծանոթանալու տեսակետներին»,- ասաց նա։

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ևս նույն ժամանակացույցն է գործել։

«Իհարկե, մեջբերվում էր զեկույց, բայց թե 2012-ին, թե 2013-ին Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամանակը սկսվել է ժամը 18։00-ից և երբևէ այդ կապակցությամբ խնդիր, մտահոգություն չի ներկայացվել։ Այստեղ հավասարության հետ կապված որևէ խնդիր գոյություն ունենալ չի կարող»,- վստահեցրեց Մուկուչյանը։

ՀԱԿ ներկայացուցչին ԿԸՀ նախագահի հակափաստարկները չեն համոզել։ Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովի որոշումը լրջորեն սահմանափակում է «ոչ»-ի քարոզչական հնարավորությունները, անհավասար պայմաններ ստեղծում։

«Վերջին շրջանում հավասար պայմանների կոչեր արեցին ամերիկյան կառավարությունը, դեսպանը կառավարության անունից այդպիսի հայտարարություն արեց, ԵԽԽՎ-ի նստաշրջանում ընդունված հատուկ բանաձևում կա այդպիսի կոչ, այլ միջազգային կազմակերպություններ նույնպես։ Հիմա մենք համարում ենք, որ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտում են նաև այդ բոլոր կոչերը»,- ասաց Աբրահամյանը։

Մուկուչյանը պնդեց՝ երեկ ընդառաջել են և բավարարել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը, որի համաձայն անցած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրական հանձնաժողովների անդամների որակավորման վկայականների ժամկետը երկարաձգվել է երեք տարով։ «Նույն հավասարությունից մենք խոսում, մենք բավարարեցին ՀԱԿ-ի դիմումը, բայց նման իրավունք վերապահեցինք բոլոր իրավասու սուբյեկտներին, որպեսզի նորից անհավասարության խնդիր չառաջանա»,- ասաց նա։

Հեռուստատեսություններն ու ռադիոկայանները հրապարակել են հանրաքվեի քարոզչության վճարովի եթերաժամի սակագները։ Ամենաթանկն իրենց եթերաժամանակը «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններն են գնահատել՝ 1 րոպեն սահմանելով 110 հազարդրամ, Հանրայինի 1 րոպեն 70 հազար, Հ2-ին 60 հազար կկարժենա։ Ամենացածր գները սահմանել են «Արարատ» ու «Երևան մեդիա հոլդինգ» հեռուստաընկերությունները՝ համապատասխանաբար 12.600 և 10 հազար դրամ։

Մարզայիններից ամենաբարձր սակագինը Գյումրի «Շանթ» հեռուստաընկերությունն է նշել՝ 12 հազար դրամ, ամենացածրը՝ Վանաձորի «Միգ-TV» հեռուստաընկերությունն ու Ալավերդու «Անկյուն +3»-ը, որտեղ քարոզչության մեկ րոպեն մոտ 80 անգամ էժան է երևանյան սակագներից: Ռադիոեթերում քարոզչության մեկ րոպեն կարժենա 750-ից 3600 դրամ։

Հեռուստառադիոքարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 6-ից։ Դեռ հստակ չէ՝ ինչպես է քարոզչական անվճար եթերաժամը բաշխելու 4 հոգանոց «Ժառանգություն» խմբակցությունը, որի երեք պատգամավորները՝ Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը կողմ էին քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին, Զարուհի Փոստանջյանը՝ դեմ։ Խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ իրեն հասանելիք քարոզչական ժամանակը տրամադրելու է «Ժառանգություն» կուսակցությանը։

«Նախնական տրամադրություններով գիտեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը անպայման ցանկանալու է օգտվել դրանից, և պարոն Հակոբյանն էլ չի հրաժարվելու ոնց որ թե, իսկ պարոն Արզումանյանը, եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքն էլ չի պատրաստվում քարոզչություն անել»,- ասաց պատգամավորը։