Սեղմված գազը, բենզինը, ալկոհոլը և ծխախոտը շուտով կթանկանան

Իշխանության ներկայացուցիչների խոսքով, թանկացումը կբերի ալկոհոլի ու ծխախոտի սպառման նվազմանը, ինչը կնպաստի մարդկանց առողջությանը: Ընդդիումությունն այս փաստարկը «դեմագոգիա» է համարում:

ԵՏՄ պահանջների կատարման արդյունքում Հայաստանում ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և ավտոմեքենաների լիցքավորման գազը 2016թ․ հունվարի 1-ից կթանկանան։

Խորհրդարանի գարնանային նստաշրջանին նույնիսկ իշխող հանրապետականների սուր քննադատությանն արժանացած՝ Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերերը, երեկ բավական անաղմուկ՝ քվեների 87 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։

Ըստ այդ փաստաթղթի, գործող դրույքաչափերի բարձրացումից բացի, հաջորդ տարեսկզբից ակցիզային հարկ կկիրառվի նաև ավտոգազալցակայանների նկատմամբ, 1000 խմ-ի համար կգանձվի 8 330 դրամ։

Դա նշանակում է, որ միջին չափսերի գազաբալոնի լիցքավորման համար վարորդները յուրաքանչյուր դեպքում ավել կվճարեն 300-400 դրամ ։

«Սա գրպանահատություն ա։ Թալանում են թալանում, ի՞նչ լրացուցիչ փող»,-«Ազատության» հետ զրույցում դժգոհեց տաքսու վարորդ Վոլոդյա Խաչատրյանը:

Նա Երևանում օրական մոտ 16 ժամ աշխատող հազարավոր վարորդներից մեկն է։ Ասում է՝ ի տարբերություն շարքային քաղաքացիների, իրենք գազալցակայան այցելում են օրական մի քանի անգամ։ «Երևի թե տնտեսագիտորեն հաշվարկել են, թե ինչքան ենք մենք ամսական աշխատում, ուզում են ամենավերջին կոպեկը ձեռներիցս տանեն։ Դա էլ հալալ լինի իրենց, մենք էլ գրողն ուտենք»։

Նախագծին կողմ քվեարկած՝ իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար վարորդների դժգոհությունը բնական է, սակայն ոչ բավարար՝ վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից։

«Եթե մենք հենվենք միայն հասարակության ու տվյալ ոլորտում աշխատողների կարծիքների վրա, ապա ես կարծում եմ, որ մենք առաջ չենք գնա»,- ասում է Բաղդասարյանը։

Ըստ նախագխծի, սեղմված գազից բացի, տարեսկզբից 1 լիտրի հաշվարկով 8 դրամով կբարձրանա նաև բենզինի ակցիզային հարկաչափը, մոտ 10 տոկոսով էլ կբարձրանան ալկոհոլային խմիչքների ու ծխախոտներերի ակցիզային հարկման դրույքաչափերը։

Իշխանության ներկայացուցիչների պնդմամբ, թանկացումից հետո մարդիկ ավելի քիչ ալկոհոլ ու ծխախոտ կօգտագործեն, ինչ էլ առողջապահության բնագավառում կբերի դրական տեղաշարժի։ Արդյո՞ք թանկացումները կնպաստեն մարդկանց առողջության պահպանմանը, նախագծին կողմ քվեարկած՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այս հարցում համակարծիք է իշխանության հետ։

Նախագծի ընդդիմախոս, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մինչդեռ, նշում է՝ «սիգարետ թանկացնելով, օղի թանկացնելով իրացումը քչացնելը դա դեմագոգիա է»։

Մանուկյանը նկատում է՝ եկող տարվա բյուջեն աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում, իսկ այս փոփոխությունները կհանգեցնեն շղթայական թանկացումների, ինչից հետո քաղաքացիները հաստատ ծխելու ցանկություն կունենան։ «Որովհետև մարդն ի վերջո իրա դարդից ա ծխում, ծխում ա էժանագին սիգարետ ինչքան թանկացնում եք, բայց չի թարգում»,- իշխանական փաստարկներին հակադարձում է ընդդիմադիր գործիչը:

Ի դեպ, սպառողների համար թանկացում, իսկ գործարարների համար հարկային բեռի ավելացում նախատեսող այս նախագծի քվեարկությանը երեկ չեն մասնակցել խորհրդարանի գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, Գագիկ Ծառուկյանը և Մհեր Սեդրակյանը։