Միլզ․ Բռնությունն ու ատելությունը Հայաստանի արժեհամակարգի մաս չեն կազմում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը երեկ այցելել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK) հասարակական կազմակերպության գրասենյակ:

Ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խումբը դեսպանին ներկայացրել է տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին՝ նվիրված Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին, պատմել այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական և ծայրահեղ բնույթի սպառնալիքների, այդ թվում՝ խմբի անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքների մասին: Կազմակերպությունը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:

«ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները և կպաշտպանեն խմբի անդամների և ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները», - ասված է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում:

«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », - ասել է դեսպան Միլզը: