Հանրապետական պաշտոնյաները հանրաքվեին ընդառաջ «վարչական ռեսուրս չեն օգտագործի»

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ըստ ՀՀԿ խոսնակի, նրանց ոչ թե զգուշացվել է դա չանել, այլ գիտակցում են։

Պաշտոններ ունեցող հանրապետականները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ վարչական ռեսուրս չեն օգտագործի, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո վստահեցրեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նրանց ոչ թե զգուշացվել է դա չանել, այլ գիտակցում են։

«Դեկտեմբերի 6-ի ընտրությունը՝ քվեարկությունը, մահի և կյանքի պայքար չէ։ Պետք է ամեն ինչ որոշի մեր ժողովուրդը՝ մեր քաղաքացին պետք է որոշի, ինչպես կլինի, այդպես էլ կլինի. ժողովուրդը կասի «այո»՝ կլինի «այո», կլինի «ոչ»՝ կլինի «ոչ»։ Ինչի՞ մասին է խոսքը», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովի խոսքով, այս մասին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է խոսել՝ հայտարարելով, որ հանրաքվեն պետք է անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, հենց այդ նպատակով էլ միջազգային տարբեր կազմակերպությունների դիտորդների հրավիրել են ընտրական գործընթացին հետևելու։

«Ցանկացած ընտրական պրոցեսի գնահատական տալիս են միջազգային դիտորդները, իրենք պրոֆեսիոնալ են», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ կուսակցության գործադիր մարմինն է նախագահի գլխավորությամբ որոշել, որ վարչապետը և նրա գլխավորած շտաբի անդամները կարող են լավագույնս իրականացնել այս աշխատանքը։ Շարմազանովը պնդեց, թե չի հասկանում՝ ինչու է իրենց շտաբի շուրջ նման իրարանցում ստեղծվել։ Հարցին, թե նման ընտրության պատճառն արդյոք այդ մարդկանց ազդեցիկ պաշտոններն են, Շարմազանովը ասաց, որ Հանրապետականում բոլորն են ազդեցիկ։

Դիտարկմանը, թե «Ոչ» ասող ուժերը պնդում են, որ հանրապետականները վարչական լծակներն են օգտագործելու «Այո»-ի հաղթանակը ապահովելու համար, Շարմազանովը արձագանքեց. - «Բիսմարկն ասում է՝ «երբեք էդքան սուտ չեն խոսում, ինչքան ընտրությունից առաջ», իսկ հանրաքվեն էլ է ընտրություն, չէ՞, ի վերջո դա քվեարկություն է, «պատերազմի ժամանակ և որսից հետո»։ Հիմա մեր ընդդիմադիրները՝ մի մասը, ոչ բոլորը, ցանկացած ընտրական պրոցեսից առաջ ես միշտ հիշում եմ Օտտո ֆոն Բիսմարկին, ինչ սուտ ասես հորինում են»։