Վեսթմինսթրյան աբբայությունում ոգեկոչվեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Ուելսի արքայազն Չարլզը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ասել է. - «Մեր ժողովրդի սրտում դեռ չի սպիացել վերքը քսաներորդ դարասկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ոճրի, որին իրենց ազգային պատկանելության և քրիստոնեական հավատքի համար զոհ գնացին մեկ և կես միլիոն հայորդիներ: Մենք կորցրեցինք պատմական, հինավուրց մեր հայրենիքի մեծագույն մասը, հազարավոր հայեր տարագիր սփռվեցին ողջ աշխարհով: Մեր ժողովրդի նահատակ զավակները մարտիրոսության պսակն ընդունեցին՝ հավատարիմ առաքելական պատգամին»։

Էկումենիկ արարողության ժամանակ Գարեգին երկրորդը նաև նշել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական մի իրողության, մեկ ժողովրդի հանդեպ կատարված եղեռնագործության դատապարտում է, այլև առավելաբար մերժումն ու բացառումն է մարդկության դեմ գործված և գործվող բոլոր տեսակի բռնությունների և ոճիրների, որոնց այսօր էլ զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ՝ հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում»:

«Ցեղասպանության ժխտողականությունը կամ աջակցությունը ժխտողականությանը և կամ եղեռնագործ երկրների նկատմամբ զգուշավորության ու սիրաշահման քաղաքականությունը նոր խթան են ցեղասպանության հանցագործությունների կրկնության համար», - ասել է Վեհափառը։

Նա երախտագիտություն է հայտնել Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած, ինչպես և՝ Եղեռնից մազապուրծ հայորդիներին ապաստան տված բոլոր պետություններին, քույր եկեղեցիներին՝ դատապարտության իրենց խոսքը աշխարհում բարձրաձայն հնչեցնելու համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում: