Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը Դուշանբեում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ըստ Հայաստանի կառավարության, օրակարգում ներառված են 30-ից ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում գործակցության ամրապնդմանը:
«Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաև ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով», - ասված է հաղորդագրությունում: