Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին պատգամավորները սոցիալական հարցեր բարձրացրեցին։
Էդմոն Մարուքյանը վարչապետին հիշեցրեց, որ հաջորդ տարի կառավարության կանխատեսմամբ 4 տոկոս գնաճ է սպասվում, մինչդեռ աշխատավարձերի, նպաստների ու թոշակների բարձրացում բյուջեով նախատեսված չէ։ Առաջարկեց քաղաքացիների բեռը թեթևացնելու համար կիսով չափ կրճատել վարորդների հանդեպ կիրառվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքները։
Վարչապետ Աբրահամյանը հարցին չպատասխանեց, փոխարենը ամբիոնին մոտեցավ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը.- «Մենք գնալու ենք ավելի առաջ, քան այդ տուգանքների չափերի կիսով չափով նվազեցումը։ Դրա համար մենք հիմա աշխատանքային խմբում համալիր ուսումնասիրում ենք խնդիրը»։
Էդմոն Մարուքյանը՝ որպես արձագանք, թվեր ներկայացրեց. անցյալ տարի որպես վարչական տուգանք 3 միլիարդ դրամից ավելի գումար է հավաքագրվել, կեսը բաժին է հասել մասնավոր ընկերություններին։
«Մարդիկ արդեն կուշտ են հանձնաժողովներ կազմելուց, համալիր քննարկումներից։ Շատ պարզ բան եմ ասում՝ կիսով չափ նվազեցնում եք բոլոր տեսակի տուգանքները, որոնք այդքան քննադատության առարկա են դարձել։ Ինչքան արագ, ինչքան օպերատիվ, այնքան մարդկանց կյանքը կլավանա, կասեն՝ շնորհակալություն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ինչ լավ բան արեց»,- ասաց պատգամավորը։
Արդարադատության նախարարը պնդեց, որ իրենք դեմ չեն տուգանքների նվազեցմանը, առաջարկեց Մարուքյանին համագործակցել այս հարցում։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ Հարկադիր կատարման ծառայության արգելանքների հարցը բարձրացրեց։ Ասաց, որ քաղաքացիների մոտ համակարգի հետ շփումը զզվանք է առաջացնում։
«Խնդրում եմ՝ որևէ ողջամիտ բացատրություն տալ, ի՞նչ անեն այն մարդիկ, որոնց գլխին պատուհաս է դարձել այս համակարգը։ Ինչքա՞ն կարելի է օր անցկացնել ԴԱՀԿ-ից բանկ, բանկից ԴԱՀԿ վազելով»։
Հարցին կրկին արդարադատության նախարարը պատասխանեց. ասաց, որ ամեն ինչ գրեթե ավտոմատացված է, հարկադիր կատարողը մեղք չունի և պետք չէ որակում տալ որևէ պետական օղակի։ Խնդիրներ հանդիպել են բանկային համակարգում։ «Ստացել և ուսումնասիրել ենք որոշակի դիմումներ, տարբեր բանկերում տեխնիկական խափանման պատճառով եղել են ամբողջական արգելադրումներ, ինչ անթույլատրելի է և օրենքի խախտում է»։
Պատգամավորները այսօր բարձրացրեցին նաև «Նաիրիտ»-ի և Վանաձորի «Քիմպրոմ»-ի հարցերը։ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց էներգետիկայի նախարարից, թե արդյոք որքանո՞վ է վստահում Համաշխարհային բանկի աջակցությամբ կատարված աուդիտին, որը եզրակացրել էր, թե Նաիրիտի վերագործարկումը նպատակահարմար չէ։
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս աուդիտը կատարվել է թերի և լիարժեքորեն ուսումնասիրված է քլորոպրենային կաուչուկի ողջ շուկան, ինչպես նաև նկատի առնված չէ Եվրասիական տնտեսական միության հնարավորություններ՝ հատկապես Ռուսաստանի կտրվածքով»,- ասաց Մինասյանը։
Նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ աուդիտին չվստահելու հիմք չունեն, բայց եթե վերագործարկման համար ներդրումային ծրագիր լինի՝ պատրաստ են քննարկել։ Պատգամավոր Մինասյանը առաջարկեց ներդրումները խրախուսելու ծրագիր մշակել, օրինակ, հարկային արտոնություններ սահմանել։ Զախարյանն էլ հակադարձեց, թե պատգամավորը երեք տարի է այս հարցով մտահոգված է, միգուցե ինքը առաջարկ ունի։
«Կխնդրեի, որպեսզի Դուք այդ երեք տարվա ընթացքում գոնե մեկ կոնկրետ առաջարկություն ներկայացնեինք նախարարություն»,- հորդորեց նախարարը։
Զախարյանին նաև Վանաձորի «Քիմպրոմ»-ից հարցրեցին։ Ասաց, որ աշխատավարձերի պարտքը մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի, իսկ սնանկացած գործարանի ապագայի հետ կապված կառավարությունը միայն առաջարկներ կարող է ներկայացնել, քանի որ այն մասնավորին է պատկանում։
Պատգամավորները բարձրացրեցին նաև պետական գույքը սեփականաշնորհածներին պատասխանատվության ենթարկելու հարցը, եթե նրանք չեն կատարում ներդրումային պարտավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ասաց, որ նման մեխանիզմներ կան, պարզապես որոշ դեպքերում գործարանները մասնավորեցվել են առանց ներդրումային պարտավորության։