Doing Business 2016 զեկույցում Հայաստանը 35-րդն է

Սա Հայաստանի լավագույն ցուցանիշն է:

Համաշխարհային բանկի հավաստմամբ՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ավելի դյուրին է դարձել, քան նախորդ տարի:

Բանկի Doing Business 2016 զեկույցի համաձայն, Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 35-րդ հորզիոնականը, և սա Հայաստանի՝ երբևէ գրանցած լավագույն ցուցանիշն է:

Այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից: Զեկույցում, սակայն, նշվում է երեք հիմնավորում․ առաջին, ավելի հեշտ են տրվում շինարարության թույլտվությունները, մասնավորապես՝ ցածր ռիսկային նախագծերը այլևս չպետք է հաստատվեն անկախ փորձագետի կողմից: Երկրորդ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության հետևանքով կրճատվել է Ռուսաստանի հետ առևտրի փաստաթղթաշրջանառությունը ու սահմանային ընթացակարգերի համար նախատեսված ժամանակն ու ծախսը: Եվ վերջապես, ըստ նոր օրենքի, վիճարկվող գործերը դատավորներին հասնում են պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով:

«Ազատության» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանը հավաստիացրեց, որ այս փոփոխությունների արդյունքում Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ավելի դյուրին է դարձել․ - «Մեր մոտ 2011 թվականից սկսած միշտ բարելավվում է»:

Այն, որ Համաշխարհային բանկն ու Հայաստանի կառավարությունը կարծում են, թե երկրում գործարարությամբ զբաղվելը ավելի դյուրին է դարձել, և, համաձայն զեկույցի, այդ առումով իշխանություններն աննախադեպ հաջողության են հասել, կարծես թե համոզիչ չեն թվում հայաստանյան հատկապես փոքր ու միջին գորոծարարներին:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը, ով նաև սեփական փոքր խանութն ունի, այսօր «Ազատության»-ն ասաց՝ Հայաստանում բիզնես գրանցելը, իհարկե, դյուրին է, սակայն բիզնես անելը՝ հերոսություն․ - ««Ո՞նց կարող է մի երկրում հեշտ լինի բիզնեսով զբաղվելը, որտեղ բիզնեսի հիմնական մասը կազմում է մոնոպոլիան: Այսինքն՝ ես կարող եմ զբաղվել առևտրով և վաճառել միայն այն, ինչ ինձ թույլ են տալիս, ոչ թե այն, ինչ ես կցանկանայի վաճառել»:

Ավելորդ չէ նշել, որ նույն Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Օրինակ, ըստ Սամսոն Գրիգորյանի, չնայած Հայաստանում օրենքը պահանջում է ապրանքի մաքսազերծման համար հիմք ընդունել ներկայացված համապատասխան փաստաթուղթը՝ ինվոյսը, թե ներմուծողը տվյալ ապրանքը ինչ գնով է ձեռք բերել այլ երկրից, սակայն մաքսային ծառայությունը շարունակում է մաքսազերծում իրականացնել, այսպես կոչված, հսկիչ գնով, այսինքն ծառայությունն է որոշում՝ որ ներկրողի ապրանքը ինչ գնով մաքսազերծել: Արդյունքում փոքր ու միջին բիզնեսը պարզապես չի կարողանում մրցել մոնոպոլիստների հետ:

«Օրինակ, հիմա ես չինացու հետ պայմանավորվեցի ինտերնետով, մարդը օրինական ինձ ինվոյս ա ուղարկում․ Ես էս ինֆոյսը վերցնում, գնում եմ մաքսային, ասում են՝ սա կարաս տանես, զուգարանի թուղթ օգտագործես, տղա ջան», - ասաց Գրիգորյանը:

«Ինչ-որ փոփոխություններ արվում են, օրինակ՝ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացնելը, սակայն դրանք խոշոր հաշվով բան չեն փոխում»,- ընդգծեց գործարարը: - «Մենք ուրախանում ենք նենց պրիմիտիվ բանի վրա, որ մենք ուղղակի տանում, հաշվետվություն էինք տալիս, մեզ ասում էին՝ չեմ ընդունում, տար թիվը մեծ գրի․․․ Ծիծաղելի բաներ էր լինում: Էս տարի ուղղակի էլեկտրոնային է դարձել, ուղղակի համակարգիչը չի ասում՝ չեմ ընդունում, տար թիվը մեծ գրի: Եթե դա կարելի է համարել հեշտացում․․․ ես դա համարում եմ մի վարչարարության, մի պետական պաշտոնյայի մի կամակատարություն վերացել է ուղղակի»:

«Որքան բարելավվում է Հայաստանի դիրքը Doing Business-ում, այնքան քչանում են մեր երկիր հոսող օտաերկրյա ներդրումները», - հեգնում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը: - «Խնդիրն այն է, որ Doing Business-ի աղյուսակը կազմվում է տեսական չափորոշիչների վրա: Նայում են, թե տնտեսությանը վերաբերող օրենսդրությունը որքանով է ազատական»:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են գրեթե երեք անգամ․ եթե անցած տարվա հունվար-հունիսին դրանք շուրջ 180 միլիոն դոլար էին, այս տարվա առաջին կիսամյակում՝ մոտ 65 միլիոն: