Քաղաքապետարանը 6 բարդիների հատումը բացատրում է հնարավոր տապալմամբ

Ազատության պողոտայում հաստաբուն բարդիներ են հատվել, հոկտեմբեր, 2015թ․

Երևանցիները, մինչդեռ, հիշեցնելով «Մոնումենտի» երբեմնի անտառի ոչնչացումը, հակադարձում են՝ դա անպատժելիության մթնոլորտի հետևանք է:

Երևանի Ազատության պողոտայում օրերս 6 հաստաբուն բարդիներ են հատվել: Երբ կոճղերի ու կտրված ծառերի լուսանկարները հայտնվեցին համացանցում, քաղաքապետարանն անմիջապես պարզաբանեց, թե բարդիները հին էին ու ամեն րոպե կարող էին տապալվել:

Այսօր արդեն դրանց տեղում նոր ծառեր էին տնկվում: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հավաստմամբ, ամեն ինչ արել են մասնագետների հետ քննարկումներից հետո:

«Կոնկրետ դենդրոլոգի կողմից ուսումնասիրվել է տարածքը և վկայվել, որ այդ հատվածում թվով 6 բարդի չորացած են, և տապալվելու վտանգ կա: Ի դեպ, ասեմ, որ բարդի ծառատեսակների կենսունակության տարիքը 40 -ից 45- է, այդ ծառերն արդեն իսկ գերազանցել էին 50 տարվա շեմը»,- ասում է Մաքսապեյանը:

Այս տարածքից ոչ հեռու բնակվող երգիչ Արթուր Իսպիրյանը քաղաքապետարանի պարզաբանմանը չի հավատում, հիշեցնում է՝ նշված տարածքում ծառերն առաջին անգամ չեն հատվում՝ հանուն կառուցապատման: Այժմ էլ կասկածներ ունի, որ այսպիսով ճանապարհ է հարթվում շքեղ առանձնատների տերերի համար:

«Հյուրանոցը կառուցեցին, քանի հեկտար ծառ կտրեցին, ոչ ոք բան չասեց, անպատժելության մթնոլորտ ա, դրանից հետո նորից նույն չափսի մի հյուրանոց դրա հետնամասում կառուցեցին, ուզում եմ անկախ մի մասնագետ լինի, որը կապ չունի քաղաքապետարանի հետ, որ գա գնահատի էս վիճակը»,- ասում է Իսպիրյանը:

Նույնն է պահանջում նաև բնապահպան Ինգա Զարաֆյանը: Տասնամյակներ շարունակ բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալած փորձագետը պնդում է՝ քաղաքային իշխանությունները նույն հիմնավորմամբ են կտրում բոլոր ծառերը՝ առանց անկախ փորձագետների կարծիքը լսելու:

«Եթե ես քաղաքապետարանի աշխատակից լինեի, իմանալով էդքան բողոքների մասին, որոնք գալիս են երևանցիներից, հաշվի առնելով այդ ծանր վիճակը, նույնիսկ ոչ թե ծառ, այլ մի թուփ որ կտրեի, հայտարարությունով հանդես կգայի: Քաղաքապետարանը մեզ՝ որպես Երևանի բնակիչների, կես բերան ասե՞ց՝ հարգարժան երևանցիներ, մենք ձեզ զրկում ենք էդ կանաչ տարածքի մի մասից: Դուք տեսե՞լ եք ինչ-որ մի բան, մենք չենք տեսել»,- ասում է Զարաֆյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանը հենց ավագանու նիստերի ժամանակ է փորձում քաղաքապետին տեղեկացնել՝ պաշտոնական հիմնավորումներին քչերն են վստահում: Այսօր, անցնելով կտրված բարդիներից մնացած կոճղերի կողքով, Սաֆարյանն ասաց, թե չի ուզում կասկածի տակ դնել քաղաքապետարանի մասնագետների կարծիքը, բայց նաև հասկանում է, թե ինչու՞ է ամեն ծառ կտրելիս քաղաքապետարանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում:

«Համենայն դեպս, այնպիսի խորը անվստահություն կա քաղաքում իրականացվող կառուցապատման հետ կապված, որ եթե անգամ որևէ այլ նպատակ չլինի էլ, միևնույն է՝ մարդկանց մոտ կասկածները մնում են, որ դա կարող է հարմարեցված լինել ինչ-որ անձանց շահերին: Ի վերջո, մեր դիմաց մի այգի է, որը կենդանի վկան է, թե մեր աչքի առջև ինչ կատարվեց Երևանի ամենախիտ անտառներից մեկի հետ: Տպավորություն է, որ ուղղակի հիմա «Հաղթանակ» զբոսայգում ով ինչ ցանկանում՝ անում է»: