Ինչպե՞ս վերահսկել, թե քանի անգամ են քվեարկել նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները, երբ քվեարկության մասին վկայող որևէ դրոշմակնիք դրանց վրա չի դրվում:
Այսօր խորհդարանում հիմնական քննարկումը հենց վերահսկողական մեխանիզմների մասին էր, որոնք բացակայում են հանրապետական չորս պատգամավորների հեղինակած օրինագծում: Այդ օրինագիծն առաջարկում է պարզապես ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ նաև նույնականացման քարտ ունեցողներին:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «ընտրական համակարգը հանրաքվեից 40 օր առաջ արմատական փոփոխությունների է ենթարկվում»: «Հիմա տեսականորեն, գործնականորեն այդ դրոշմակնիքը 180 հազար քաղաքացու դեպքում չի լինելու։ Այսինքն, այս հենասյունը, որ հանում ենք էդ ընտրական համակարգի տակից, դա արդեն արմատական փոփոխություն է։ Եվ ասում եք՝ «նոր հենասյուն չենք դնում, որովհետև ժամանակը քիչ է»», - ասաց Փաշինյանը։
Խորհրդարանում հնչող առաջարկները լրացուցիչ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ բազմաթիվ էին՝ առանձին հրապարակել նույնականացման քարտ ունեցող ընտրողների ցուցակները, միայն նույնականացման քարտ ունեցող 180 հազար քաղաքացիներին կապույտ անձնագրեր տալ և հապշտապ փոփոխություններ չկատարել Ընտրական օրենսգրքում, կամ պլաստիկ քարտի համարով տեղեկանք տրամադրել ընտրությունների համար։
«Օրինաց երկրի» պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց՝ վերահսկման համար հատուկ սարքեր պետք չեն.- «ID քարտի վրա կատարենք նշում, որևէ գործիք պետք չէ, մկրատ կա էդ հանձնաժողովի մոտ, թող անկյունից մի փոքր կտրեն, կամ բիզով ծակեն, այսինքն նշան անեն»։
Ամենահաճախ հնչող լուծումներից էր մատները թանաքոտելու առաջարկը, որը, ըստ պատգամավորների, ո՛չ ծախսատար է, ո՛չ էլ ժամանակատար:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց՝ դա աշխարհում ընդունված պրակտիկա է, սակայն միշտ չէ, որ դրական հետևանքներ է ունեցել:
«Վրաստանում հենց մատները թանաքոտում էին, հետևանքները շատ ավելի վատն էին։ Ասածիս իմաստը հետևյալն է՝ իհարկե, սա հավելյալ միջոց է, որպեսզի վստահությունը վերանա», - ասաց Սահակյանը։
Հանրապետական պատգամավորի բերած օրինակը, սակայն, ծիծաղ հարուցեց ընդդիմադիրների օթյակում։ «Ես չգիտեմ՝ ձեզ ի՞նչ անեկդոտ պատմեցին այդտեղ, որ ծիծաղում եք»,- հարցրեց Սահակյանը։ Փաշինյանն էլ պատասխանեց. - «Չէ, ես կոնկրետ նրան արձագանքեցի, որ ասացիք՝ «Վրաստանում փորձեցին, հետևանքը վատ էր»։ Եվ իրոք վատ էր Ձեր տեսակետից, որովհետև վերջին տասը տարում երկու անգամ իշխանափոխություն է եղել Վրաստանում։ Իհարկե, Ձեր տեսակետից, այդ հետևանքը շատ վատ պետք է լինի»։
Լևոն Զուրաբյանը հայտարարեց՝ մատները թանաքոտելու առաջարկին կողմ են 5 խմբակցությունները։ Սակայն հնչող առաջարկներին Հովհաննես Սահակյանը գրեթե նույն պատասխանն էր տալիս՝ ժամանակ չկա ներդնելու, տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, գործող Ընտրական օրենսգիրքը վերահսկման հնարավորություն արդեն տալիս է։ Բայց և խոստանում էր՝ առաջինից երկրորդ քննարկումների ընթացքում՝ կանդրադառնան առաջարկներին:
«Ես կխնդրեմ հանրաքվեի ընթացքում բոլորս լինենք հետևողական, շարժվենք օրենքով, եթե կլինենք նման խախտումներ, արձանագրենք, գնանք առաջ։ Ամենակարևորը՝ առաջինը մեզ պետք չեն նման արջի ծառայություն մատուցողները»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն վստահ է՝ ինչ մեխանիզմ էլ ներդրվի, գլխավոր հարցը մնում է մեկը՝ կա՞ արդյոք նպատակ անցկացնելու արդար ընտրություններ, թե՞ ոչ:
«Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ ցանկացած լուծում միևնույն է չի գործելու, եթե չկա կամք անցկացնելու ազատ և արդար ընտրություններ։ Կարծում եմ, էստեղ չկա մեկը, որ այդ տեսակետը վիճարկի»,- ասաց նա։
Դաշնակցական Աղվան Վարդանյանի կարծիքով՝ խնդիրն ավելի համակարգային է՝ Հայաստանում չկա անձը հաստատող միասնական փաստաթուղթ, իսկ ընտրողների մասին տեղեկատվական բազաներ ստեղծելու վրա ծախսված գումարները չեն արդարացրել իրենց:
«Մենք հսկայական միջոցներ են ծախսել տեղեկատվական միասնական բազաներ ձևավորելու համար։ Եթե դրանք չեն գործում, գտեք մեղավորներին։ Այլապես եթե օրը երեք անգամ էլ Օվիրի պետ փոխեք, հարցերը մնալու են։ Եվ պետք չէ ընտրությունների հանդեպ վստահելիությունը անընդհատ վերագրել միայն քաղաքական ուժերին՝ «գնացեք վերահսկեք, թույլ մի տվեք խախտումեր անեն»»,- ասաց Վարդանյանը։
Խիստ քննադատությամբ հանդես եկավ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով, որ նույնականացման քարտերի հարցն այժմ ամենահրատապ խնդիրներից չէ։
«Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը, ստեղ շատ ավելի գլոբալ պրոբլեմներ կան։ Թողեք էս ժողովուրդը որոշի, մենք լրիվ փոսի մեջ ենք։ Շատ եք կարևորում Սահմանադրության անցնելը։ Ինձ համար դեկտեմբերի 6-ին մենք քվեարկելու ենք Ղարաբաղի հարցը, ինձ համար էն է, որ փոխում ենք, որ կարողանանք մի քանի շրջան զիջել»,- հայտարարեց Բագրատյանը։
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց.- «Պետք չի ստեղ պատմել տարբեր հեքիաթներ Ղարաբաղը հանձնելու մասին»։