Այսօր Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որն իրականացնում էր ԵԱՀԿ-ի առաքելությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դիտարկման ավարտի պահին:
Դիտարկման ժամանակ համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահը անցել են ադրբեջանական տարածք՝ Լեռնային Ղարաբաղի կողմից:
Գնդակոծության մասին Թվիթերում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Երբ մենք հատում էինք շփման գիծը, կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ-ի դիտորդներին պատսպարվել: Դա անընդունելի է», - գրել է Ուորլիքը՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են հնչել կրակոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, թե դիտարկման ժամանակ կրակ է բացել հայկական կողմը: Այդ պնդումը Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքել է՝ որակելով քարոզչական հնարք և շեշտելով, որ դիտարկման ամբողջ ընթացքում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: