Ութ տասնյակից ավելի կոնգրեսականներ միացել են Ռոյսի և Ինգըլի նամակին

Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նամակին, որը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմաններին ագրեսիայի նվազեցմանն ուղղված կոնկրետ խաղաղարար միջոցառումների իրականացմանը: Այդ մասին հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում դրամատիկորեն աճել է, իսկ բռնությունների անհասցե դատապարտման՝ վարչակազմի քաղաքականությունը չի աշխատում: Այն պետք է փոխվի», - հայտարարել է Էդ Ռոյսը՝ շարունակելով․ - «Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի ողջամիտ քայլ, որ պետք է ձեռնարկեն Միացյալ Նահանգներն ու Մինսկի խումբը՝ կանխելու հետագա բռնությունը»: Կոնգրեսականն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետք է սատարի այդ առաջարկները և հետամուտ լինի դրանց ընդունմանը մյուս համանախագահների կողմից:

Կոնգրեսականները, հիշեցնենք, իրենց նամակում առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ողջունել է Ռոյսին, Ինգըլին և նրանց ավելի քան ութ տասնյակ գործընկերներին այս նախաձեռնության համար: