Ուրիխանյանի օրինագիծը մերժվեց. ՀՀԿ-ն առաջ է տանում նույնականացման քարտով քվեարկելու իր օրինագիծը

ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովն այսօր մերժեց քննարկման դնել Տիգրան Ուրիխանյանի օրինագիծը, որով պատգամավորը առաջարկում է ոչ միայն քվեարկելու հնարավորություն տալ նույնականացման քարտ ունեցող շուրջ կես միլիոն ընտրողի, այլև հատուկ սարքերի միջոցով բացառել կրկնաքվեարկությունը: Դեմ քվեարկեց 63, կողմ՝ 42, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

Օրեր առաջ Պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած այս նախագիծը մի վերջին հնարավորություն ուներ այսօր պատգամավորների քվեարկությամբ օրակարգ մտնելու, սակայն Հանրապետական մեծամասնությունը գերադասեց արագացված կարգով առաջ տանել սեփական խմբակցության 4 պատգամավորների օրինագիծը: Այն ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորի նախագծի՝ որևէ վերահսկողական մեխանիզմ չի առաջարկում, պարզապես թույլատրում է քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով՝ առանց դրոշմակնիքի:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց՝ երկակի չափանիշներն անընդունելի են.- «Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, գիտենք, որ կքվեարկեք և կանցկացնեք, բայց սա անընդունելի է։ Դուք ուզում եք՝ բոլորս ի սկզբանե հայտարարենք, որ հանրաքվեն կեղծիքով է անցնելու»։

Առաջարկ հնչեց՝ հետ կանգնել նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրելու մտադրությունից, իսկ միայն այդպիսիք ունեցող շուրջ 180 հազար քաղաքացու պարզապես անձնագիր հատկացնել, որի մեջ հնարավոր կլինի քվեարկությունը փաստող կնիք դնել։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հարցը գրավոր ներկայացնել։

Մինչ այդ, սակայն, արդեն հնչել են առաջարկներ, որոնց ճակատագիրը մշուշոտ է: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն առաջարկել էր նախօրոք հրապարակել նույնականացման քարտով քվեարկողների ցուցակները: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասում է՝ դա դժվար իրագործելի է։

«Էս պահի դրությամբ ծրագրային առումով դա գրեթե անհնար է։ Իմ առաջարկը և հանձնաժողովում, և այսօր լինելու է մեկը, որ մենք այս փուլում գնանք այս ճանապարհով, այնուհետև երբ Ընտրական օրենսգիրքը կենթարկենք փոփոխության կամ Ընտրական օրենսգիրք ընդունելու անհրաժեշտություն կլինի, մենք կփորձենք ավելի ամբողջական կարգավորել այս խնդիրը»,- փոխանցեց Սահակյանը։

Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է՝ կսպասեն Հանրապետականի պատասխանին և ըստ այդմ էլ կորոշեն՝ ինչպես քվեարկել.- «Կշեռքի նժարին մի հարց է դրված՝ բոլորի իրավունքը պահպանել։ Հնարավոր չի ասել՝ գիտես, էս մեկը չպիտի քվեարկի, էն մյուսը պիտի քվեարկի։ Ինչպե՞ս լուծել այս հարցը. այս մեխանիզմների մեջ է տարբերությունը, որտեղ մենք մի առաջարկ արել ենք։ Մենք շարունակելու ենք դա պնդել։ Չի ընդունվի՝ մենք էլ մեր որոշումը կկայացնենք քվեարկելու ժամանակ»։

«Ես ասել և ասում եմ՝ համակարգի մեջ արդեն կան բազմաթիվ հնարավորություններ, եթե կեղծիք անելու միտք լինի, այդ հնարավորությունները լիուլի բավարար են դա անելու համար։ Եթե վերահսկողություն չես ունենում 2000 տեղամասերում, խոսել աբստրակտ կեղծիքների հնարավորությունների և կեղծիք կատարելու փաստի մասին՝ իրականությունից կտրված է և զուտ քաղաքական հայտարարություն է դառնում»,- հավելեց Ռուստամյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս դեմ չէ, որ նույնականացման քարտից բացի անձը հաստատող այլ փաստաթուղթ չունեցող շուրջ 180 հազար քաղաքացիները պետք է քվեարկելու հնարավորություն ունենան, սակայն ընդդիմադիր պատգամավորը չի հավատում, թե վերահսկողական մեխանիզմներ ներդնելու ժամանակ և հնարավորություն չկա:

«Դա ամենևին խնդիր չէ, անգամ մեկ օրվա կազմակերպելիք խնդիր է։ Երբ մարդ իր ID քարտը մտցնում է կոմպյուտերի մեջ, ցույց է տալիս, որ ինքը եկավ, մասնակցեց քվեարկությանը, և բացառվի, որ ինքը երկրորդ տեղամասում կարող է քվեարկել։ Ակնհայտ է, որ իրենց մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է։ Իրենք շատ լավ տեսնում են, թե հանրապետությունում ինչ վիճակ է, բոլորը դեմ են, որևէ «այո» ասող մարդ չկա, և իրենք էդ դեմի դեմն առնելու համար լրացուցիչ կեղծիքի հնարավորություններ պետք է ստեղծեն»,- ասաց Մանուկյանը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, պնդում է՝ Ընտրական օրենսգիրքը տալիս է հնարավորություն ազատ արդար ընտրությունների.- «Ես մեր ընդդիմադիր գործընկերներին կհորդորեմ, որպեսզի մի քիչ ավելի զուսպ լինեն իրենց հայտարարություններում կամ ավելի ընտրողաբար մոտենան, որովհետև նման հայտարարություններն են, որ ժողովրդի մոտ կարող են այլ տեսակետներ և կարծիքներ ձևավորել»։