Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 և Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող 100 ընտանիքներ բնակարաններ են ստացել Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքում։
«Դեռ 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքների նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Անցյալ տարի մենք սկսեցինք ևս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի շենքում բոլորովին վերջերս շուրջ 100 բնակարաններ հանձնեցինք մեր բնակիչներին: Ահա այսօր էլ ևս շուրջ 100 բնակարան հատկացրեցինք մեր մյուս բնակիչներին», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Քաղաքապետարանը նշում է, որ 12 հարկանի շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ, Երևանի քաղաքապետարանի պատվերով՝ շենքում կառուցվել են թվով 120՝ 1 և 2 սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանում գործող չափորոշիչներին, շենքն ունի հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ։
«Մինչև տարեվերջ ևս երկու շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես և խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կլուծենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը», - ասել է քաղաքապետը: