Արտահանվել է մոտ 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա 38,5 հազար տոննայի դիմաց

Այս տարի հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է 64 հազար 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 հազար 550 տոննայի դիմաց:

Այդ մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը՝ նշելով, որ այդ թվում` արտահանվել է 8 հազար 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 հազար 390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց, 1420 տոննա տանձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 660 տոննայի դիմաց, 1016 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց։

Ըստ նախարարության, հոկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 9 հազար 400 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1820 տոննայի դիմաց, 2 հազար 972 տոննա բողկ և ճակնդեղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 664 տոննայի դիմաց, 1170 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 191 տոննայի դիմաց, 3 հազար 460 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 տոննայի դիմաց, 1350 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 800 տոննայի դիմաց։

Գյուղնախարարությունը նշում է, որ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ և Չեխիա։

«Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 34 տոկոս», - ասված է գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում։