Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօր շուրջ հարյուր հոգի երթ է անցկացրել, որից հետո երկրի Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի շենքի առջև բողոքի ցույց կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել քաղաքապետ Ռենատո Ուսատիին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը:
Ուսատին, ում Մոլդովայի իշխանությունները համարում են ռուսամետ գործիչ, ձերբակալվել է ուրբաթ օրը: Երեկ նրան մեղադրանք է առաջադրվել՝ գաղտնի նամակագրության խախտման հոդվածով: Ուսատիին մեղադրում են երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի հեռախոսազրույցներն ապօրինի գաղտնալսելու մեջ՝ 2014 թվականին մոլդովական բանկային համակարգից շուրջ 1 միլիարդ դոլարի «անհետանալու» կապակցությամբ: Հոկտեմբերի 19-ին հրապարակված գաղտնալսման նյութերի համաձայն, Ֆիլատը կողոպուտի մասին խոսել է իսրայելա-մոլդովական գործարար Իլան Շորուի հետ, ով այս տարվա մայիսին ձերբակալվել է՝ մոլդովական երեք բանկերից գումար դուրս բերելու կասկածանքով:
Նախկին վարչապետի դեմ նույնպես հարուցվել է քրեական գործ՝ կաշառակերության և ծառայողական պարտականությունների չարաշահման մեղադրանքով: Քննիչները մի շարք փաստաթղթեր են ձեռք բերել, որոնք ապացուցում են Ֆիլատի առնչությունը որոշ ընկերությունների, որոնք էլ իրենց հերթին կապ ունեն կոռուպցիոն գործարքների հետ: Հոկտեմբերի 18-ին մոլդովական դատարանը Ֆիլատին 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել: